Հարցնում եմ՝ լավ, ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը գնացել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի երդմնակալությանը: Ասում է՝ Աշոտյանը ոչ միայն կրթության եւ գիտության նախարարն է, այլեւ ՀՀԿ փոխնախագահը եւ ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատուն: Հետո ի՞նչ, հո Ուկրաինայի իշխող կուսակցության նախագահի ընտրությունն ու երդմնակալությունը չէ՞ր: Երկրի նախագահի երդմնակալության արարողությունն էր: Երկիր, որի հետ մենք լարված հարաբերություններ ունենք: Երկիր, որտեղ հայկական մեծ համայնք ունենք: Երկիր, որի նկատմամբ վերաբերմունքը դարձել է լակմուսի թուղթ՝ առաջադիմության, եվրոպական ինտեգրացիայի, ինքնիշխանության եւ այլնի: Տեսանք, չէ՞, քանի երկրի նախագահ էր ժամանել, ինչ մակարդակի դեմքեր էին հավաքվել Կիեւում: Լավ, երկրի նախագահը չէր գնում, գոնե վարչապետը կամ ԱԺ նախագահը գնար: Հա, հա՝ գոնե արտգործնախարարը: Նույնիսկ Բելառուսի բռնակալը՝ Լուկաշենկոն էր նստած՝ ի ցուցադրություն նրա, որ ինքը Ռուսաստանի կցորդը չէ: Մի՞թե ազգային արժանապատվության, դիվանագիտական մտքի նշույլ չի մնացել մեզանում: Մի՞թե աշխարհին ոչինչ չունենք տալու եւ ստանալու: Մի՞թե աշխարհի մասնիկը դառնալու, ինչ-որ բան ապացուցելու ոչ մի ձգտում չկա: Պատասխանն առավել քան տարօրինակ է. եթե քիչ թե շատ բարձրաստիճան մեկը գնար, ով ուղիղ առնչություն ունի արտաքին քաղաքականության հետ, ուկրաինացիք բազում տհաճ հարցեր կտային, որոնց պատասխանելը շատ բարդ կլիներ, ուստի նախընտրել են ուղարկել կրթության նախարարին, ով հանգիստ կարող է հայտարարել՝ ես ի՞նչ կապ ունեմ, պաշտոնական Երեւանի հետ ճշտեք այդ հարցերը, ես կարող եմ առնվազն Բոլոնյան համակարգի եւ ուկրաինական կրթական համակարգի մասին խոսել, դպրոցականների փոխանակման ծրագրեր իրականացնել, միջկրթական հարաբերություններ հաստատել:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը