«Ժառանգություն» կուսակցությունը ողբալի վիճակում է հայտնվել՝ այստեղ հինգ հոգով յոթ երգ են երգում ու այդպես էլ չեն կողմնորոշվում քառյակի գործունեության հետ կապված: Մինչ Գագիկ Ծառուկյան-«Ժառանգություն» հանդիպումը կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը քառյակի մերանի կամ խոսնակի գործն էր ստանձնել եւ ամեն կերպ խրախուսում էր միասնական գործունեությունը: Անցած ուրբաթ կայացած հանդիպումից հետո անշեղորեն լուրեր տարածվեցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ պահի կարող է «Ժառանգությունը» դուրս բերել քառյակից: Չտեսաձայնագրված հանդիպումից հետո միակ «իրեղեն ապացույցը» Րաֆֆի Հովհաննիսյանի տարակարծություններ առաջացնող հայտարարությունն է: «Կառավարությանն անվստահություն հայտնելը կիսամիջոց է, եւ երկրում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն: Մի վարչապետ, մի նախարար, մի չինովնիկ փոխելով՝ չի փոխվի: Մենք բոլորս գիտենք, որ մեր արատն ամենավերեւից է»,- շաբաթ օրը Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կարծես գաղտնազերծելով հանդիպման խոսքուզրույցը: Դրան հաջորդեց Անահիտ Բախշյանը, ով հայտարարեց. «Կառավարության, վարչապետի հրաժարականի պահանջը մեծ-մեծ փուչիկ է», իսկ այդ փուչիկը շատ շուտով կպայթի: Բախշյանն այն կարծիքին է, որ նախեւառաջ պետք է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: Որոշ լուրերով՝ Ծառուկյանի հետ հանդիպմանը նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավոր առաջարկն է եղել հանդիպում կազմակերպել քառյակի լիդերների մակարդակով։ «Ժառանգության» ղեկավարն իր միտքն այսպես է բացատրել, որ իր, Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հրանտ Մարգարյանի՝ առաջին գծում հայտնվելու փաստը թե հասարակության մակարդակում վստահությունը կմեծացնի այս ուժերի նկատմամբ, եւ հարկ եղած դեպքում իրենք առանց վարանելու իշխանությանը փողոցով կսպառնան, թե իշխանության վախը կմեծանա։
Նա պահանջել է նաեւ, որ այդ ձեւաչափում քննարկման դրվի ամբողջական իշխանափոխության հարցը: Բնականաբար, պահանջը մերժվել է ԲՀԿ առաջնորդի կողմից։ Այս մերժումներից հետո «Ժառանգության» ղեկավարը Ծառուկյանին պայման է ներկայացրել` իրենց քննարկումների, գործողությունների, պահանջների ու ընդհանրապես պայքարի հիմքում դնել ոչ միայն վարչապետ Տիգրան Սարգսյանի, այլեւ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մինչեւ այս շաբաթվա վերջը, ըստ նույն լուրերի, Ծառուկյանը պետք է տեղեկացնի՝ նախագահի հրաժարականի հարցը ներառելո՞ւ են իրենց պահանջների մեջ, թե՞ բավարարվելու են միայն վարչապետի հրաժարականի պահանջով: Ի դեպ, չորս ուժերի այսօրվա քննարկման ընթացքում անվստահությունից հետո հետագա գործողությունների պլանն է կազմվելու: Որքան էլ ժառանգականները հերքեն հանդիպման մասին մամուլի հաղորդած տեղեկությունները, միեւնույն է՝ իրենց դիրքորոշումներից եւ կցկտուր ու ոչ հստակ տեսակետներից ակնհայտ է մի բան, որ ոչ իշխանական ուժերի հետ հետագա կոնսուլտացիաներին ու գործողություններին մասնակցելու հարցը «Ժառանգությունը» կարծես պայմանավորելու է հենց այդ խնդրով: Այդ մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ, օրինակ, ՀԱԿ-ը, որը նույնպես արմատական իշխանափոխության ջատագով է, ի տարբերություն «Ժառանգության», չի խուսափում խոստովանել, որ եթե Սարգսյանի իմպիչմենթի վերաբերյալ հարցը չընդգրկվի քառյակի օրակարգ, միեւնույն է՝ դա չի խանգարի ՀԱԿ-ին հետագա համագործակցության հարցում, քանի որ, ՀԱԿ-ի մոտեցմամբ, ավելի կոնկրետ՝ Արամ Մանուկյանի խոսքով, դա «քայլ է հաջորդ քայլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար», եւ որ այժմ «անհնարինի» մասին քննարկում չեն անում: Փոխարենը «Ժառանգությունում» դեռ ծանրութեթեւ են անում եւ կոնկրետ պատասխանից խուսափում: Թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը քառյակի պայքարում «կոնկրետություն» է փորձում մտցնել եւ իր ու շատերի համար բացահայտել համագործակցության իրական նպատակը, միեւնույն է՝ փաստն այն է, որ տարօրինակ կերպով նույնպիսի անկոնկրետ վիճակներում է պահում իր կուսակցությունը: Մեր հարցին՝ «Սերժ Սարգսյանի իշխանափոխության հարցի ներառումը որոշի՞չ է քառյակում հետագա համագործակցությունը շարունակելու առումով, այսինքն՝ եթե քառյակի օրակարգում միայն կառավարությանն անվստահության հարց բարձրացվի, «Ժառանգությունը» կմասնակցի՞ գործընթացներին», կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հետեւյալ կերպ է պատասխանում. «Միանշանակ կարող եմ ասել, որ «Ժառանգության» օրակարգում դրված է արմատական իշխանափոխության եւ բարեփոխումների խնդիրը: Ինչ վերաբերում է համագործակցության հետ կապված հարցերին, ապա քանի որ այս պահին քննարկումներ են գնում, եւ շատ հարցեր քննարկման տիրույթում են, չեմ փորձի որեւէ բան կանխորոշել կամ չկանխորոշել, կամ ընթացքի հետ կապված կռահումներ անել, ուստիեւ կարծում եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կունենանք դրա հստակ պատասխանը»: Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ ուրբաթ Ծառուկյանից պատասխանի է սպասում եւ բացասական պատասխանի դեպքում կլքի քառյակը: «Ես որեւէ լիազորություն չունեմ որեւէ լուրի մասին տեսակետ հայտնել, քանի դեռ այն քննարկման փուլում է գտնվում, երբ կլինի վերջնական որոշում քննարկումներից հետո, այն ժամանակ էլ կխոսենք»,- կրկնեց փոխնախագահը: Կոնկրետությամբ չփայլեց նաեւ «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Մենք ասել ենք մեր նախընտրություններն ինչում է, բայց դա ինչ կարգավիճակով է ներկայացվում, դա նախապայման է, թե այլ որոշում, դա արդեն մեկնաբանությունների ոլորտից է, եւ միայն հստակ քննարկումներից հետո կներկայացնենք մեր մոտեցումները»,- ասաց Խուրշուդյանը:
Իրականում, «Ժառանգությունում» այս համագործակցությունը երեք թեւի է բաժանել կուսակցականներին: Ոմանք ռեալ պոլիտիկի շրջանակներում, այդուհանդերձ, կողմ են համագործակցությանը՝ ցանկացած ֆորմատով, որպեսզի դուրս չմնան գործընթացներից, որոշները սկզբունքորեն դեմ են՝ փաստարկելով երեքի եւ իրենց տարբեր դիրքորոշումները Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հարցում, իսկ երրորդ խումբն էլ կողմ է իրավիճակային որոշումներին, այսինքն՝ մասնակցել մինչեւ այն պահը, երբ կբացահայտվի այդ համագործակցության իրական նպատակը: Թե որ տեսակետը կհաղթանակի, կերեւա առաջիկայում:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը