տուն Լուրեր «Հրապարակ». Երեք պայման

«Հրապարակ». Երեք պայման

73
0

Հրապարակ

Տեսնո՞ւմ եք ինչ լավ է, երբ երկրում համերաշխության, փոխըմբռնման, ջան-ջիգյարի մթնոլորտ է: Նոր վարչապետը, թվում է, առանձնապես շատ բան չի փոխել երկրում, ընդամենը մի քանի հայտարարություն է արել, մի քանի խմբի հետ հանդիպել, մի քանի խոստումներ տվել, եւ ամեն կողմից՝ հավանություն, օվացիաներ, հույսի ու հավատի բացականչություններ: Այո, արարատցի վարչապետը տիրապետում է մարդկանց հետ հարաբերվելու կանոններին: Գուցե փիլիսոփայական դասախոսություններ կարդալու մասնագետ չէ, եվրոպաներում էլ ընկերներ ու սանիկներ չունի, ոչ էլ մի քանի օտար լեզվի է տիրապետում, բայց մարդկանց կարողանում է ասել այն, ինչ նրանք ուզում են լսել: Դա էլ փոքր արվեստ չէ: Նախկին վարչապետին հենց դա էր պակասում: Կարծում եք նա չէ՞ր հասկանում, որ բոլորը պետք է մտնեն հավասար հարկային դաշտ, որ մեր երկրի դժբախտությունը ստվերն է: Շատ լավ հասկանում էր: Ավելին՝ օլիգարխիայի դասին չպատկանող Տիգրան Սարգսյանը հաստատ դա ավելի լավ էր հասկանում, քան այդ դասին պատկանող Հովիկ Աբրահամյանը: Բայց չի բացառվում, որ այն հարցում, որտեղ լիովին ձախողվեց «գիտունիկի» համարում ունեցող ինտելեկտուալ Տիգրան Սարգսյանը, օլիգարխ, օլիգարխի խնամի ու օլիգարխի եղբայր Հովիկ Աբրահամյանը հաջողության հասնի: Դրա համար մի քանի կարեւոր բան է անհրաժեշտ. նախ՝ ցանկություն: Վիճակը փոխելու, առաջընթաց ապահովելու ցանկություն: Ապա՝ ամբիցիաներ. լավ վարչապետ լինելու, պատմության մեջ մնալու, ձեռք բերածի վրա կանգ չառնելու ամբիցիաներ: Եվ երրորդ. աջակցություն: Հասարակության, մամուլի, այդ նույն օլիգարխիայի, ընդդիմության աջակցություն, ինչը Հովիկ Աբրահամյանն առայժմ հիմնականում ունի: Կկարողանա՞ այդ աջակցությունը պահպանել եւ իրեն տրված քարտ-բլանշն օգտագործել, ցույց կտա ժամանակը:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը