տուն Լուրեր «Հրապարակ». Գտեք տասը տարբերություն

«Հրապարակ». Գտեք տասը տարբերություն

91
0

Հրապարակ

Երեկ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի բարձր ամբիոնից խոստանում էր գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ստեղծել, անողոք պայքարել ստվերի եւ այս կամ այն գործարարի ձեռքից բիզնեսը խլելու զոռբայության դեմ։ Ծրագիրը մանրամասնորեն ուսումնասիրած անձինք ասում են, որ ընդհանուր առմամբ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագիրը շատ չի տարբերվում նախորդ կառավարության ծրագրից: Այս վարչապետը եւս նախկինի նման խոստանում է արժանապատիվ կենսապայմաններ, տարեցների կյանքի որակի բարելավում, անկախ դատական համակարգ, աղքատության կրճատում, տնտեսական 5 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ մինչեւ 65 հազար դրամ, ծնելիության խթանում: Անգամ նախկին վարչապետին հատուկ անհեթեթության հասնող ծրագրային կետեր կան՝ տեխնոպարկերի եւ «երեխաների սնուցման բարելավման» տեսքով: Բայց մի կարեւոր հարցում, այնուամենայնիվ, նոր վարչապետը տարբերվում է նախկինից՝ իր ծրագիրը նա ներկայացնում է ոչ թե գերհուզական ելեւէջներով, այլ սպառնալիքների ուղեկցությամբ՝ խոստանալով ազատել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք կհանդգնեն չաշխատել: Իր ասածը հիմնավորելով ոչ թե տարբեր դասագրքերից վերցրած տերմիններով, այլ ձայնի վստահ ինտոնացիայով եւ պարզությամբ: Ընդդիմությանը, օրինակ, մարտահրավեր նետելով. «Պարտադրված եք մեզ հետ աշխատել, որովհետեւ մենք լավ ենք աշխատելու»։ Նա ոչ ՏՏ ոլորտի հեղափոխություն է խոստանում, ոչ հարյուր հազարավոր աշխատատեղեր: «Սուտ խոստումներ չեմ ուզում տալ: Կարող էինք գրել 100 հազար, է, գրված էր: Ես դեմ եմ այնպիսի թվեր գրելուն, որոնք իրականանալի չեն:  Կառավարության գործը, իմ կարծիքով, ոչ թե աշխատատեղ ստեղծելն է, այլ պայմաններ ձեւավորելը, որ աշխատատեղեր ստեղծվեն»,- ասում է նա՝ անգամ չնկատելով, որ այդ մտքերն իրենը չեն:

 

Գրում է «Հրապարակ» օրաթերթը