Երեկ հուսահատության օր էր Գորիսի բնակչության մեծ մասի համար: Քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ քաղաքապետի երկու հակալիսկայական թեկնածուները՝ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը, որոնք հնչեղ հայտարարություններ էին անում մինչեւ վերջ գնալու եւ միմյանց օգնելու մասին, հանեցին իրենց թեկնածությունները: Նախկին մարզպետի մարդը՝ տեղի ջրմուղի տնօրեն Վաչագան Ադունցը, փաստորեն, մնաց քաղաքապետի աթոռի միակ իրական հավակնորդը, ավագանու անդամ Հրայր Յոլյանին, իհարկե, չհաշված:
Վերջինս հերթապահ թեկնածու էր, որին լիսկայականները «ներմուծել» էին, որ Ադունցը հանկարծ չմնա մենակ եւ խայտառակ լինի: Ըստ Արա Բուդաղյանի, որն առաջինը հանեց իր թեկնածությունը, ինքը դա արել է Տիգրան Կարապետյանին օգնելու համար: «Ես հենց սկզբից էլ որոշել էի, որ քարոզարշավից առաջ հանելու եմ իմ թեկնածությունը»,- ասաց մեզ հետ հեռախոսազրույցում Արա Բուդաղյանը, վստահեցնելով, որ ինքը դա արել է Տիգրան Կարապետյանին պաշտպանելու համար, իսկ թե ինչու է վերջինս հանել իր թեկնածությունը, նա չգիտեր: «Հիմա կգնամ Գորիս, կիմանամ»,- ասաց նա: Տիգրան Կարապետյանն ամբողջ օրվա ընթացքում զանգերին չէր պատասխանում, իսկ մարզպետ Վահե Հակոբյանը, որն աջակցում էր Տիգրան Կարապետյանին, հեռախոսին ընդհանրապես չէր մոտենում: Թեեւ մեծ հաշվով բացատրությունների կարիք չկա, եւ ամեն ինչ պարզ է: ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրեն Խաչատրյանը չի հանդուրժել, որ ՀՀԿ-ական մարզպետը ոչ լեգալ աջակցություն ցուցաբերի Ադունցի հակառակորդին եւ ուղղակի ճնշում գործադրելով երիտասարդ մարզպետի վրա, «կոտրել» է նրան, ստիպելով հետ կանգնել իր մտադրությունից: «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ թեկնածուների վրա ճնշում է գործադրվել»,- հարցրինք Արա Բուդաղյանի վստահված անձ Ռոբերտ Սահակյանին: «Դե, ուրիշ ի՞նչ կարող էր լինել:
Ճնշում է, էլի»: Իսկ Արա Բուդաղյանը չի՞ նեղացել Տիգրան Կարապետյանից, քանի որ, փաստորեն, ստացվում է, որ Կարապետյանը նրան դավաճանել է: «Ոչ, չի նեղացել: Նա էլ է էդքանը տեսնում, հասկանում, պատկերացնում»: Գուցե նա՞ էլ գիտեր «սցենարի» մասին, եւ նրա վրա է՞լ է ճնշում գործադրվել: «Չգիտեր, չէ, որեւէ այդպիսի խնդիր չկա,- ասաց Ռոբերտ Սահակյանը եւ ավելացրեց։- 80 եւ ավելի տոկոսի համակրանքն ուներ Տիգրան Կարապետյանը եւ հանկարծ հրաժարվում է: Մեծ հիասթափություն է տիրում Գորիսում: Էս ժողովրդին փրկել է պետք»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Կարապետյանը ԳԱԼԱ-ին հայտնել էր, որ գորիսեցիներին կանչում են նախկին մարզպետի տուն եւ ահաբեկում, որ քվեարկեն Լիսկայի թեկնածու Ադունցի օգտին: Գորիսեցիները պատմում են, որ նախկին մարզպետին հատկապես զայրացրել էին Արա Բուդաղյանի եւ Տիգրան Կարապետյանի հայտարարություններն այն մասին, որ ազդեցիկ ՀՀԿ-ականներ կան իրենց թիկունքին, եւ նա սաստել է այդ «ազդեցիկ ՀՀԿ-ականին», ինչը մարզպետ Վահե Հակոբյանի դեպքում, փաստորեն, մեկից մեկ է եղել: Իսկ առանց մարզպետի եւ ազդեցիկ ՀՀԿ-ականների պաշտպանության բիզնեսմեն Տիգրան Կարապետյանը չի հանդգնել մրցակցել Լիսկայի մարդու հետ:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Գրում է «Հրապարակ» օրաթերթը