տուն Լուրեր «Հրապարակ». Գորդյան հանգույց

«Հրապարակ». Գորդյան հանգույց

86
0

Հրապարակ

Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Պռոշյան փողոցում: Բուզանդի փողոցի նախկին բնակիչները, ովքեր պայքարի առաջամարտիկներն են մեզանում, փոխել են իրենց պայքարի տակտիկան. եթե առաջ ակցիաներ էին անում կառավարության շենքի առաջ՝ նիստերի օրերին կամ անակնկալ հայտնվում էին  ՀՀԿ գրասենյակի մոտ՝ Մելիք-Ադամյան փողոցում, երբ այնտեղ իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստն էր ընթանում, ապա վերջին շրջանում փորձում են հանդիպել բացառապես ՀՀ նախագահին: Մի դեպքում նրանք խնդրանքներով ու հորդորներով են դիմում «թագավորին», մյուս դեպքում գոռում-գոչյունով ու վիրավորանքներով են փորձում գրավել նրա ուշադրությունը կամ նամակ-դիմումներ են փոխանցում։ Ընդ որում՝ ինչ-որ մեկը հնարամիտ լուծում է գտել՝ գնալ ոչ թե ՀՀԿ գրասենյակ կամ նախագահական նստավայր, այլ առավոտյան աշխատանքի գնալու ժամին «դեմը» կտրել՝ կառավարական առանձնատան դիմաց, Պռոշյան փողոցում։ Երեկ բուզանդցիները կրկին հայտնվել էին այստեղ, եւ կրկին Սերժ Սարգսյանը, դուրս գալով մեքենայից, մի քանի րոպե զրուցել է նրանց հետ: «Մեր խնդիրը շուրջ 10 տարվա պատմություն ունի եւ լուծում չի ստանում, բոլորին դիմել ենք, բայց՝ անօգուտ»,- երեկ մեզ պատմում էին բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր Սերժ Սարգսյանին են դիմել նման խոսքերով. «Միայն Դուք կարող եք մեր խնդրին լուծում տալ: 10 տարի է՝ փողոցում ենք»: Եվ ի՞նչն է ուշագրավ՝ երկրի առաջին դեմքն այլ բան չի գտել պատասխանելու, քան. «Գնացեք Հովիկի մոտ»: Հովիկն էլ, ի դեպ, ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, այլ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը: Մի հսկա պետություն՝ իր բազում կառույցներով, տարիներ շարունակ չի կարողանում լուծել այս մարդկանց խնդիրը, որոնք ուղղակի ծերացան փողոցներում:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը