տուն Լուրեր «Հրապարակ». Արդեն գյուղապետի ընտրություններն են կեղծում

«Հրապարակ». Արդեն գյուղապետի ընտրություններն են կեղծում

85
0

Հրապարակ

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Տրետուք գյուղի բնակիչները պնդում են, որ գյուղապետի ընտրություններն իրենց գյուղում կեղծվել են։ Առաջադրված է եղել երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Հովհաննես Երանոսյանն ու Ալիկ Եղիազարյանը։

«Ինչպես բոլոր ընտրությունները, այնպես էլ մեզ մոտ գյուղապետի ընտրությունը կեղծեցին»,-ասաց տրետուքցի Կարեն Մնացականյանը։  Գյուղացիների համոզմամբ, իրականում ընտրվել է գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանը եւ ոչ թե Վարդենիսում թաղային հեղինակություն համարվող Հովհաննես Երանոսյանը: «Մենք շատ շուտվանից էինք ահազանգում, որ Հովհաննես Երանոսյանը, ով, լինելով Վարդենիսի անձնագրային բաժնի պետ Գարիկ Երանոսյանի հորեղբոր տղան, վերջինիս հովանավորությամբ մարդիկ է բերում Տրետուք՝ գրանցելու որպես սեփականատերեր, նրանց իրավունք էր տրվում ազատ ընտրելու»,-ասաց Կարենը։ Գյուղացիները նկատել են, որ ընտրություններից ընդամենը 2 օր առաջ գյուղի հետ կապ չունեցող 20 մարդկանց են գրանցել գյուղում, որպեսզի վերջիններս մասնակցեն ընտրություններին: Կարենի խոսքով, բացի այս խարդախություններից, ընտրական հանձնաժողովը թանաքը ցնդող գրիչներ է դրել քվեախցիկներում, եւ քվեարկությունների փաստը ժամանակի ընթացքում ցնդել է։ «Մենք բոլորս Ալիկ Եղիազարյանի օգտին ենք քվեարկել, մեզ տեղեկացրել են, որ միայն 28 ձայն անվավեր են համարել, պատճառաբանելով, թե վանդակները դատարկ են։ Բայց իրականում դրանց վրա զգացվում են գրիչի հետքեր»,- վստահեցրեց ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ներսում եղած գյուղացիներից մեկը: Արդյունքում ընտրությունները տեղի են ունեցել. Ալիկ Եղիազարյանն ստացել է 63 ձայն, իսկ Հովհաննես Երանոսյանը՝ 80։ «Մենք մարտական ենք տրամադրված՝ ապացուցելու ենք, որ ընտրությունները կեղծված են, դրա համար բոլոր ապացույցները հավաքվում են»,-ասաց մեկ այլ գյուղացի։ Գյուղի բնակիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու էին եկել նախագահի նստավայրի մոտ եւ նախագահականի նամակների բաժին նամակ հանձնեցին, որտեղ նշել են, թե ինչ կեղծիքների գնով է Հովհաննես Երանոսյանն անցել։ Ալիկ Եղիազարյանի հետ զրույցում վերջինս հայտարարեց, որ երբ հայտնի լինեն ընտրությունների արդյունքները, եւ հաստատվի Երանոսյանի ընտրվելը, իրենք անպայման բողոքարկելու են:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը