Ոմանք պարբերաբար հիանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ինտելեկտով, ով կարծում է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությամբ մոտեցնում է իշխանափոխությունը, ինչպես ժամանակին հիանում էին Կարեն Դեմիրճյանի իմաստնությամբ, երբ նա միավորվեց Վազգեն Սարգսյանի հետ եւ, կարելի է ասել՝ իշխանությունը վերցրեց: Անշուշտ, մեզանում իշխանափոխության միակ գործող մեխանիզմը իշխանությունը ներսից քանդելու բանաձեւն է՝ թավշյա հեղափոխությունը, որի փորձը մենք ունեցանք 1997-ին: Բայց արդյո՞ք նման իշխանափոխությունը ծառայում է առաջընթացին եւ օգտակար է մեր երկրին: Իհարկե՝ ոչ: Սա ընդամենը իշխանություն տնօրինող մի խմբին հնարավորություն է տալիս փոխարինել մյուսին. ժողովուրդը, երկիրը, մեր պետական ինստիտուտները դրանից ոչինչ չեն շահում: Ստացվում է՝ իշխանափոխություն հանուն իշխանափոխության: Երկրի առաջընթացի միակ հնարավոր ուղին ընտրական մեխանիզմների աշխատելն է, շարքային մարդու՝ իշխանություն փոխելու հնարավորության ամրագրումը, հասարակությանը իշխանության հաշվետու լինելու իրողության հաստատումը: Մինչեւ այս մեխանիզմները չաշխատեն, Լեւոնին կփոխարինի Ռոբերտը, Ռոբերտին՝ Սերժը, Սերժին՝ Գագոն կամ Հովիկը, բայց մեր կյանքը չի փոխվի: Այս իմաստով բոլորովին անպետք ու առաջընթացին չծառայող քայլ էր նաեւ Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությունը: Եթե պետք է վարչապետ փոխվեր, ապա դա պետք է արվեր գոնե Ազգային ժողովի միջոցով, որ այս ինստիտուտը փոքրիշատե իմաստավորվեր, մոտենար այն գործառույթներին, որոնք օրենքով նախատեսված են: Երբ մեկ կամ մի քանի անձի կամքով վարչապետ է փոխվում, դրանից շահում է միայն հաջորդ վարչապետը կամ նրա մերձավոր շրջապատը: Եվ վատ է, որ քաղաքական ուժերն ու երկրի նախագահը չունեն պետական ինստիտուտների կայացման կարեւորության գիտակցումը:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը