Պարզվում է` Գագիկ Ծառուկյանը սիրում է հոտնկայս ոչ միայն «նախագահ ջանի» կենացը խմել, այլեւ բոլոր առանցքային պաշտոնյաների հետ «ջան-ջիգյարի» առիթը բաց չի թողնում: Անզիջում պայքարող չորս «հրաշալիների» կողմից հրաժարականի պարտադրված Տիգրան Սարգսյանի հետ հանդիպելիս նույնիսկ համբուրվում է, ինչպես եղավ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը` Ռոբերտ Քոչարյանի աչքի առաջ: Ծառուկյանը միշտ էլ, մայրաբար բոլոր պաշտոնյաներին համբուրող, բարեմաղթանքներ հղող իր մոր` տիկին Ռոզայի նման, ողջագուրվում է Տիգրան Սարգսյանի հետ, ականջին շշնջում` «մենք իրար հետ ոչ մի հարց չունենք, ախպեր ենք»: Ի դեպ, բացառություն չէ նաեւ Արթուր Բաղդասարյանը, ում հետ օդանավակայանում հայտնի ընդհարումից հետո լարված հարաբերություններ ուներ, սակայն նոյեմբերի 8-ին՝ Բաղդասարյանի 45-ամյակի տոնակատարությանը ԱԱԽ խորհրդի մյուս անդամների շարքում հրավիրված Ծառուկյանը զանգահարել է, ջիգյարով շնորհավորել ու ասել` շա՜տ զբաղված եմ, չեմ կարող գալ, ու մի այդքան «ջիգյարով» էլ նվեր է ուղարկել, քանի որ նրա հետ եւս «ախպեր» է:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը