Համաշխարհային Numbeo խոշորագույն տվյալների բազան, որը ձևավորվում է զբոսաշրջիկներից և երկրների բնակիչներից ստացվող տեղեկության հիման վրա, հրապարակել է 2020 թվականի իր Հանցավորության ինդեքսն՝ ըստ երկրների:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, Վրաստանն այդ վարկանշային ցանկում հայտնվել է 130-րդ հորիզոնականում՝ որպես ամենաանվտանգ երկրներից մեկն աշխարհում և ամենաանվտանգը Եվրոպայում:
Հայաստանը ցանկում հայտնվել է 122-րդ հորիզոնականում՝ դառնալով 12-րդն անվտանգ երկիրը շարքում: Հանցավորության ցուցանիշը մեր երկրում գնահատվել է 22.69 միավորով, իսկ անվտանգության ցուցանիշը՝ 77.31:
Հանցավորությունից ազատ երկրների ցանկում առաջատար եռյակը կազմում են Կատարը, Թայվանը, Արաբական Միացյալ Էմիրությունները:
Մեր երկրին նախորդում են նաև Օմանը, Հոնկոնգը, Սլովենիան, Մեն Կղզին, Շվեյցարիան, Ճապոնիան, Ռուանդան: Այդպիսով, Հայաստանը դառնում է 5-րդ ամենաանվտանգ երկիրը Եվրոպայում:
Հարևան երկրներից Ադրբեջանը հայտնվել է 98-րդ հորիզոնականում, Թուրքիան՝ 83-րդ, Իրանը` 46-րդ, իսկ Ռուսաստանը ցանկում 79-րդն է:
Հանցավորության առումով ամենավտանգավոր երկրներն են Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան, Հարավային Աֆրիկան, Աֆղանստանը, Հոնդուրասը, Տրինիդադ և Տոբագոն, Բրազիլիան, Գայանան, Սալվադորը, Սիրիան:
Numbeo-ի հետազոտությունն անցկացվում է տարվա մեջ երկու անգամ: