Ինչի՞ համար ենք ուզում Հրայր Թովմասյանին այստեղ անուղղակի ակնարկներով հոշոտել: ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պետրոսյանը շեշտեց, որ իրենց խմբակցության՝ Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցի շուրջ քվեարկությանը չմասնակցելը չդիտարկվի այլ կերպ՝ նշելով, որ խնդիրն, ըստ իրենց, ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում է:
«Մեր էսօրվա ամբողջ խնդիրը Հրայր Թովմասյա՞նն է: Բացարձակ: Ասեմ Ձեզ՝ եղել է ժամանակ, որ Հրայր Թովմասյանն անձամբ ինձ այնքան է հետաքրքրել, որքան թռչնի գրիպի վարակը կարող էր հետաքրքրել, ասենք, Մովսես Խորենացուն: Մենք դրա համար չենք եկել ստեղ, խնդրում եմ ճիշտ հասկացեք»,- ասաց Պետրոսյանը:
Պատգամավորը նաև առանձնացրեց այն դիտարկումը, որ ԲՀԿ-ի վարկանիշը կընկնի Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցին չքվեարկելով: Նա ընդգծեց, որ դա թյուր կարծիք է և սխալ մոտեցում: