տուն Հասարակություն Իրավական Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորվեց

Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորվեց

258
0
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում երեկ քննվել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդությունը։ Միջնորդությունը ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայության քննիչը։
Դատարանի որոշմամբ՝ Փանոսյանը կալանավորվեց։
Ըստ մեղադրանքի՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր են արձանագրվել։
Կալանավորման մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք. պարզապես ոչնչացված է։ Կամակատարային խայտառակ որոշում է կայացրել՝ իմ պաշտպանյալին կալանավորելու։ Որոշումն, իհարկե, կբողոքարկենք», — նշեց Աթանեսյանը։
Փաստաբանն այլ հարցերի չպատասխանեց։