Ժողովրդավարության տրված հնարավորությունը օգտագործելով՝ Հրայր Թովմասյանը գերի է վերցրել Սահմանադրական դատարանը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Նա սահմանափակումներ և խնդիրներ է ստեղծում, որպեսզի մենք կարողանանք ժողովրդավարական այս սկզբունքներով, որոնք հայտարարված են Սահմանադրությամբ և որոնք հանդիսանում են մեր երկրի համար կարևոր օգնող պայման, այդ առումով առաջ գնալ»,– ասաց նա։
Հարցին՝ արդյոք Հրայր Թովմասյանը օրենքի ուժով չի դարձել ՍԴ նախագահ, Գրիգորյանը նշեց. «2015 թ. Սահմանադրական փոփոխությունների ժամանակ նույն Հրայր Թովմասյանը հայտարարում էր, որ «մենք սահմանադրական փոփոխություն ենք կատարում երկիրը ժողովրդավարական դարձնելու համար, և որևիցե վերարտադրության խնդիր դրված չէ»։ Բայց հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար, և այդ վերարտադրության շրջանակներում Հրայր Թովմասյանը ստացել է իր մասնաբաժինը։ Իսկ Սերժ Սարգսյանը, դառնալով վարչապետ, ստեղծեց երկրում ճգնաժամ, որի արդյունքը եղավ նաև հեղափոխությունը։ Հրայր Թովմասյանն իր մասնաբաժինը ստացել է, և այնտեղ կան սկզբունքներ, որոնք կյանքի կոչված չեն, օրինակ, սահմանադրական փոփոխությունների փիլիսոփայության սկզբունքներից մեկն այն է եղել, որ ՍԴ կազմը պետք է առաջադրի՝ երեքը՝ նախագահը, երեքը՝ կառավարությունը, և երեքը՝ Դատական խորհուրդը։ Այսօր այդ սկզբունքը իրականություն չէ, բայց խնդիր կա այն իրականություն դարձնել»։