տուն Հասարակություն Հունվարից կսկսվի հեղուկ գազի որակի վերահսկողությունը

Հունվարից կսկսվի հեղուկ գազի որակի վերահսկողությունը

359
0

Վարորդները դժգոհում են գազի եւ բենզինի լցակայաններից, հատկապես բողոքում են թերլցումներից:

Araratnews.am-ը զանգահարեց շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պետ Արմեն Կոտոլյանին՝ պարզաբանում լսելու: Ի պատասխան՝ նա ասաց, որ շարունակում են վերահսկել գազի եւ բենզինի ոլորտը: Արմեն Կոտոլյանը հիշեցրեց՝ թերլցումների դեմն առնելու համար ընդունվել է օրենք, որը հնարավորություն կտա տնտեսվարողներին առանց զգուշացնելու ստուգել:

Հիշեցնենք՝ Araratnews.am-ը ամիսներ առաջ գրել էր՝  տեսչական մարմինները այլեւս չեն զգուշացնի տնտեսվարողներին ստուգումների մասին: Նախկինում ստուգող մարմինը պարտավոր էր երեք օր առաջ զգուշացնել տնտեսվարողներին, ինչը, սակայն, սպառողների շահերի պաշտպանության տեսակետից ճիշտ չէ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պետից տեղեկացանք, որ օրենքն ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է եւ ուղարկվել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ վերջնական հաստատման:

Կոտոլյանի խոսքով՝ տեսչությունը իրականացրել է 35 բենզալցակայանի ստուգում: «Իսկ ԱԳԼՃԿ-ների ոլորտում վերջին 4 ամսում իրականացվել է 32 ստուգում, որոնցից 22-ում խախտումներ են հայտնաբերվել: 10-ում թեեւ խախտումներ չեն հայտնաբերվել, բայց դա էլ է հարցականի տակ: Հնարավոր է, որ  երբ ծանուցվել են, միանգամից շտկումներ են արել»,- մանրամասնեց տեսչական մարմնի ղեկավարը:

Ինչ վերաբերում է հեղուկ գազին, Արմեն Կոտոլյանն ասաց՝ մինչեւ այս տարվա մայիսը հեղուկ գազի ոլորտն ընդհանրապես չի վերահսկվել որակական եւ չափագիտական առումով: «Այս տարի հեղուկ գազի ոլորտի վերահսկողությունը եւս տրվեց մեզ: 2020-ի հունվարից կսկսվի հեղուկ գազի որակի վերահսկողությունը: Այսինքն՝ կստուգեն հեղուկ գազի կալորիականությունը: Վարորդներից բողոքներ ենք ստանում, որ նույն չափով լիցքավորում ենք հեղուկ գազ տարբեր տեղերից, սակայն մի դեպքում այն ծախսում են 200, մի այլ դեպքում՝ 260 կմ քշելիս»,- մանրամասնեց պատասխանատուն:

Ի դեպ, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տարեկան իրականացրել է 250 ստուգում, իսկ 2020 թվականին նախատեսված է 350 ստուգում: Հիմնականում կստուգեն վառելիքի եւ խաղալիքի ոլորտը:

Սոնա Դավթյան