Ուրբաթ օրն Աթենքում առգրավված հերոինի արժեքը կարող է հասնել մինչև 200 միլիոն եվրոյի, իսկ հանցավոր խմբի ձերբակալված 11 անդամների թվում մեկ նավատեր կա: Այս մասին հաղորդում է հունական iefimerida-ն:
Երեկ Հունաստանի մայրաքաղաքային Ատտիկա շրջանում հատուկ գործողության արդյունքում առգրավվել է 1,133 տոննա հերոին: Թմրանյութի նման քանակություն առաջին անգամ է հայտնաբերվում Հունաստանում: Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարող հույն իրավապահների խոսքերով՝ հերոինի գինը 30 միլիոն եվրո է, սակայն սև շուկայում այն կարող է հասնել 200 միլիոն եվրոյի:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ձերբակալվածների թվում կան Հունաստանի 6 քաղաքացի, այդ թվում՝ մեկ անչափահաս, ինչպես նաև՝ Թուրքիայի 5 քաղաքացի:
Ավելի վաղ հունական Star հեռուստաալիքը հաղորդել էր, որ հերոինը բերվել է Աֆղանստանից, սակայն iefimerida-ն նշում է, որ հանցավոր խումբը թմրանյութը բերել է Իրանից և տարածել ողջ Եվրոպայում: