Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հայտարարությունը.
« Ցավում ենք, որ 21-րդ դարում Թուրքիան այնքան մեծահոգի և լայնախոհ չգտնվեց, որքան 20-րդ դարի հանրապետական Թուրքիան: Եվ սա, իմ կարծիքով, բացասաբար է ազդելու Թուրքիայի Հանրապետության միջազգային հեղինակության, ապա նաև թուրքահայ փոքրաթիվ համայնքի տրամադրությունների վրա:
Թեև դեռ ամեն ինչ կորած չէ: Հույս կա, որ թուրքական իշխանությունները կվերանայեն իրենց որդեգրած այս դիրքորոշումը և կվերադառնան հանրապետական Թուրքիայի նախկին ղեկավարների ցուցաբերած լայնախոհությանը, և տուրք չեն տա մարգինալ խմբերի ապակողմնորոշող քայլերին: Թուրքիայի իշխանություններից ակնկալում ենք ավելի մեծ հարգանք ցուցաբերել 1923 թվականի Լոզանի պայմանագրով երկրում ոչ մուսուլման փոքրամասնության կարգավիճակ ունեցող իրենց քաղաքացիների՝ տարածաշրջանի բնիկների, ամենահին ազգաբնակչության՝ հայերի նկատմամբ, և ընդառաջել նրանց, որ իրենց ազատ կամքով ընտրեն Թուրքիո հայոց 85-րդ պատրիարքին՝ համաձայն եկեղեցական ավանդույթի:
Այս կերպ միայն հնարավոր է պահպանել Թուրքիայի մշակութային բազմազանությունն ու խճանկար (մոզաիկա) պատկերը: Կարիք չկա խուճապի մատնվելու կանոնադրության հարցում, պետք է լինել սառնասիրտ և սթափ մտածել:
Կարծում եմ՝ համայնքի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները և հատկապես Նախաձեռնակ մարմինը պարտավոր են ներքին գործոց նախարարության պատրիարքարան ուղարկած այս կանոնադրությունը ևս մեկ անգամ քննարկել և կանոնադրության առնչությամբ իրենց գրավոր անհամաձայնությունը հայտնել երկրի պետական իշխանություններին:
Քանզի այս կանոնադրությունը հակասում է մեր ազգային եկեղեցու անբաժան սկզբունքներին, հինավուրց ավանդույթներին և պատմության փորձաքննությունը հաջողությամբ անցած վաղեմի կարգ ու կանոնին: Մենք և Թուրքիո հայությունը պարտավոր ենք հաշվի առնել այն պարզ ճշմարտությունը, որ Աթոռը 12 տարի է՝ զրկված է իր պատրիարքն ունենալու հնարավորությունից: Պատճառը դարձյալ օրենսդրական բացն է, այսինքն՝ կանոնադրության անկատարելիությունը:
Հետևանքները հայտնի են: Ներկայումս, Թուրքիո հայ համայնքն ընտրական այս նոր օրենսդրությամբ կանգնած է ավելի լուրջ փորձության առջև, այսինքն՝ չի բացառվում, որ կարող ենք կորցնել դեռևս 15-րդ դարից Սուլթան Մեհմեդի օրոք հիմնադրված Աթոռը, որքան էլ դա առաջին հայացքից իրատեսական չթվա մեզ:
Ուստի պետք է համախմբվել և դիմել իշխանություններին, որ վերանայեն կանոնադրության 25-րդ հոդվածի Գ կետը, որով սահմանափակվում են եպիսկոպոսների իրավունքները, ինչը նախկինում երբեք չի եղել»,- ասվում է հայտարարության մեջ: