Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։
Այս չվերթի տոմսերը 3411-ից մինչև 3769-ը համարի ներքո գրանցված և մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 27-ին (ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն), հունիսի 28-ին, 29-ին և 30-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։
Նշվում է, որ տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 1-ը (ժամը՝ 11։00-ն)։
Տվյալ չվերթով Հայաստան կարող է վերադառնալ շուրջ 200 քաղաքացի։ Միևնույն ժամանակ քաղաքացիների առավել ընդգրկուն ցուցակ է ներկայացվել՝ հաշվի առնելով հերթագրվածների շրջանում հրաժարվողների մեծ թիվն ու չվերթներին չներկայանալու փորձը (ինչպես տեղեկացրել էինք նախկինում)։
Դեսպանությունը հիշեցնում է, որ ավիատոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը կմեկնարկի հուլիսի 2-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։