«Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելը հնարավորություն չի տալու ԲՀԿ-ին կառավարությանն ուղղված իր քննադատություններում լինել այնքան սուր, որքան Տիգրան Սարգսյանի դեպքում էր: Այս առումով կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումը կոմպրոմիս էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ իր կարծիքով վարչապետի անձի փոփոխությունը ոչինչ չի փոխի, և շարունակվելու են կյանքի կոչվել այն ծրագրերը, որոնք կային նաև Տիգրան Սարգսյանի օրոք: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կաշառը պետք է բացառվի, այս խոսքերը Ալեքսանդր Արզումանյանը բնական է համարում. «Իհարկե, պետք է այդպես ասեին: Ոչ մի երկրի ղեկավար չի ասում, որ գալու են թալանի կամ կաշառք վերցնելու, սակայն նրանք բոլորն էլ ինչ -որ բան պոկելու համար են գալիս»,-ասաց բանախոսը` նկատելով, որ եթե հասարկությունը չստիպի, ապա ամենաժողովրդավար երկրների իշխանություններն էլ փորձելու են իրենց անձնական թիմային շահերն առաջ տանել.- «Հասարակությունը պետք է իշխանություններին զգոն պահի: Այս առումով ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ ներկայումս ակտիվ գործունեություն ծավալող հասարակական շարժումներին: Լավ է, որ կան տարբեր շարժումներ, որոնք ժամանակ առ ժամանակ փոքր հաղթանակներ են ունենում»,-ասաց բանախոսը` հավելելով, որ մինչ 2008 թվականը քաղաքացիական նման շարժումներ չկային: