Իշխող կուսակցության ներկայացուցիչները բավական հաճախ են խոսում այն մասին, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները չեն խախտվում: Մի կողմից կարելի է փաստել այնˋ իրականում հասարակ քաղաքացիները ազգային փոքրամասնությունների նկատմամբ ոչ մի բացասական վերաբերմունք չունեն, սակայն իշխող կուսակցության ներկայացուցիչները ոչ մեկ անգամ են խախտել ազգային փոքրամասնությունների իրավունքները:
«Սինջար» եզդիների ազգային միավորումը երեկ տեղեկացրել էր, որ Արարատի մարզի մի քանի եզդի ընտանիքներ տուժել են՝ նույն մարզի Մխչյան գյուղի բնակիչˋ Լյովա Սաֆարյանի գործունեությունից:
Սաֆարյան Լյովան՝ ում եղբայրը պետական պաշտոնյա է, 2011 թվականին մի շարք եզդի ընտանիքներից կաթ է մթերել, իսկ երբ եկել է ժամանակը վճարումներ կատարելու` նա հրաժարվել է իր պարտականությունները կատարել: Տարբեր գյուղերի բնակիչ եզդիների վստահությունը Սաֆարյան Լյովան շահել է նրանով, որ ներկայացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավոր անձ:
Հիմա այս անձը հերքում է իր կապը այս պատմության հետ և նեկայացնում է, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ ոմն Յուրա է մթերել կաթը, իսկ իրենը միայն տարածքն է եղել, որտեղ Յուրան գործունեություն է ծավալել: Եզդիները սակայն վստահեցնում են, որ իրենք անձամբ Սաֆարյան Լյովային են կաթ մթերել, իսկ Յուրան միայն վերջերս է այս պատմության մեջ հայտնվել:
Ի դեպ, մենք կարողացանք ճշտել, որ Յուրան, ով հիմա իր վրա է վերցնում պարտքը՝ չի կարող վճարել գումարը, քանի որ նա հարյուրավոր մարդկանց է պարտք՝ այստեղ և Ռուսաստանի Դաշնությունում: Եվ այս անձը ուղղակի օգտագործվում է Սաֆարյան Լյովայի կողմից՝ պատասխանատվությունից խուսափելու համար. «Սա Լյովայի հերթկան սուտն ա՝ մենք հենց իրան ենք կաթ տվել, իսկ հիմա ստում ա էդ անամոթը, թե ինքը մեզ չի ճանաչում: Յուրան էս հարցի հետ կապ չունի, մենք պահանջում ենք, որ հենց ինքը պատասխան տա էս թալանի համար: Առաջին օրերին, երբ մենք փող էինք ուզում, չէր ասում, թե ինքը կապ չունի, ասում էր «դուրներդ չի գալիս մեր երկրում մի ապրեք», չեմ հասկանում էս ինչ վերաբերմունք ա»,- վրդովված ասաց մեր զրուցակից եզդիներից մեկը, ով, հասկանալի պատճառներով, չցանկացավ ներկայանալ:
Եզդիական համայնքի ներկայացուցիչները դիմել են նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, քանի որ կարծում են, որ Լյովա Սաֆարյանը չարամտորեն է օգտագործել իր անունը: Նրանք կարծում են, որ Հովիկ Աբրահամյանի անդրադարձը այս թեմային՝ կստիպի իր համագյուղացի Լյովա Սաֆարյանին ուշքի գալ և չփորձել մարդկանց օրվա հացի փողը իրենով անել: