տուն Քաղաքական Վերլուծական Հովիկ Աբրահամյանի ձկնաբուծարանները 660 միլիոն դրամ տարան բյուջեից և սպառնում են Արարատյան...

Հովիկ Աբրահամյանի ձկնաբուծարանները 660 միլիոն դրամ տարան բյուջեից և սպառնում են Արարատյան արտեզյան ջրերին

217
0

hov abr

Երկար տարիների պայքարից ու քննարկումներից հետո Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների անօրինական վատնման հարցը կարծես թե լուծում էր ստանում: Սակայն այսօր կառավարությունը մի որոշում կայացրեց, որով ավելի քան 100 խորքային հորեր կվերագործարկվեն:

Խնդիրն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանից արդեն երկար տարիներ մի քանի անգամ շատ ջուր հանվում է, քան թե վերականգնվում: Պատճառը տարածքում շատացած ձկնաբուծարաններն են, որոնց մեծ մասը ապօրինի է գործում: Արդյունքում արտեզյան ավազանի ջրի պաշարները նվազում են` խնդիրներ հարուցելով ոչ միայն Արարատյան դաշտի ոռոգման համար, այլև լուրջ բնապահպանական սպառնալիք դառնալով տարածքի ամբողջ էկոհամակարգի համար: «Այս տարի նվազել է ոչ միայն արտեզյան հորիզոնների և Սև ջրի ջրատվությունը, այլև ջրամբարներում ևս ջրի բավարար քանակություն չի կուտակվել: Դրա հետևանքով, մասնավորապես Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում, առաջացել է լրացուցիչ ֆինանսական պարտավորություն՝ էլեկտրաէներգիայի մեծացած ծախսի վճարումը»,- ասվում է կառավարության 2014թ ապրիլի 3-ի նիստի արձանագրությունում:

Երկար քննարկումներից ու բողոքներից հետո, ի վերջո, կառավարությունը որոշեց փակել գոնե անօրինական հորերը: Ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման կամ կոնսերվացման համար 2013թ հոկտեմբերի 31-ի կառավարության որոշմամբ մոտ 107.5 միլիոն դրամ հատկացվեց` կառավարության պահուստային ֆոնդից: Գույքագրվեցին լուծարման ենթակա շուրջ 562 ինքնաշատրվանող անօրինական խորքային հորեր:

2014թ ապրիլի 3-ին էլ կառավարությունը խստացրեց հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի նկատմամբ հսկողությունը: Ավելին, արգելվեց ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը: «Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ: Այսօրվա որոշմամբ կառավարությունը խստացրել է այդ հսկողությունը: Արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը. նշված մարզերի համայնքների ղեկավարները չպետք է տրամադրեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի շինարարական թույլտվություն: Ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ»,- նշված է այս տարվա ապրիլի 3-ի կառավարության նիստի արձանագրությունում: Հիշեցնենք, որ այդ ժամանակ վարչապետը դեռ Տիգրան Սարգսյանն էր:

Ինչ վերաբերում է նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա վերջինիս եղբայրը Արարատի մարզի Զորակ համայնքում և Մխչյան գյուղում խոշոր ձկնաբուծարան ունի: Սա`պաշտոնապես: Իրականում Աբրահամյան եղբայրները փաստացի տնօրինում են բազմաթիվ ձկնաբուծարանների: Եվ ավելի քան 100 միլիոն դրամը, հսկայական ջանքերն ու ծախսված ժամանակը 550 միլիոն դրամ արժողության մեկ որոշմամբ Հովիկ Աբրահամյանը հօդս է ցնդեցնում: Նույն կառավարության պահուստային ֆոնդից 550 մլն դրամ է հատկացրել՝ 100-ից ավելի` արդեն կոնսերվացված խորքային հորերը վերագործարկելու նպատակով: Ստացվում է, որ պետական բյուջեից մոտ 660 միլիոն դրամ է վատնվում` սկզբում կոնսերվացնելու, ապա նաև` վերագործարկելու համար նույն խորքային հորերը, իսկ արտեզյան ավազանի հարցը մնում է չլուծված:

Հրայր Մանուկյան