ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն` վերոնշյալ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:
Բրազիլիայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հետ: Նախատեսված է հանդիպում Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ: Սան Պաուլոյում ԱԺ նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի և Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մոնտեվիդեոյում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի և Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոնտեվիդեոյում կհանդիպի Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Բուենոս Այրեսում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի և Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ: Աժ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա նաև արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ :