ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անցյալ շաբաթ ԱԺ-ում` կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին` հայտարարեց, որ իր հարստությունը նա կուտակել է հողագործությամբ զբաղվելով: Վարչապետի այս հայտարարությանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց վարչապետին թողնել պետական աշխատանքը և գնալ «պոմիդոր մշակել»:
Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչներից մեկը, արձագանքելով վարչապետի հայտարարությանը, քմծիծաղով ասաց.«Հովիկ Աբրահամյանի աճեցրած պոմիդորները սուպերմարկետ են դարձել: Մի քանի տարի առաջ մեր գյուղի սկզբնամասում մի քանի մթերային խանութ կար ու երկու շինանյութի խանութ: Հողագործությամբ զբաղվող Հովիկ Աբրահամյանը էդ մարդկանց ձեռքից տարածքները վերցրեց և մեծ սուպերմարկետ կառուցեց: Երևի տասը ընտանիք զրկվեցին իրենց ապրուստի միջոցից: Գյուղում մի քանի ուրիշ խանութներ էլ փակվեցին, քանի որ սուպերմարկետը նրանց գործին էլ խփեց»,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ խանութների տերերը չեն էլ կարողացել բողոքել, քանի որ բողոքելու դեպքում նրանք ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնեին:
Հովիկ Աբրահամյանը հարյուրավոր հեկտարների հասնող ձկնաբուծարան ունի Արարատի մարզում և ժամանակին՝ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանն արել է ամեն ինչ, որպեսզի մարզում գործող բոլոր փոքր ձկնաբուծարանները փակվեն: Այս գործում վարչապետը բավական առաջընթաց է գրանցել և հիմա Արարատի մարզում քիչ անհատներ կան, որ ձկնաբուծությամբ են զբաղվում:
Հովիկ Աբրահամյանը նաև մեծ առևտրի կենտրոն է կառուցում Արտաշատ քաղաքում, որը շուտով շահագործման կհանձնվի: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը որոշում էր կայացրել իր բիզնեսի «կլասը» պահպանելու համար կառուցվող առևտրի կենտրոնի կողքին գտնվող «Արտաշատ» հյուրանոցի բնակիչներին, ովքեր փախստականներ էին, հանել հյուրանոցի շենքից և այդ շենք էլ օգտագործել բիզնես նպատակով: Այս կապակցությամբ, անգամ, հյուրանոցի բանկիչները մի քանի անգամ Երևանում ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել:
Ի դեպ, հողագործությամբ հարստացած վարչապետը բավական լուրջ անշարժ գույք ունի նաև Երևան քաղաքում: Մի կող թողնելով Մոնումենտում իր շքեղ դղյակը` անդրադառնանք Ամիրյան փողոցում գտնվող «National» հյուրանոցին: Հյուրանոցի տարածքը Հովիկ Աբրահամյանի որդին ձեռք է բերել տարիներ առաջ և այսօր այն քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկն է: Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո հյուրանոցը կրկնակի մեծացվում է` շինարարական աշխատանքներն արդեն սկսված են:
Հովիկ Աբրահամյանին է պատկանում Արտաշատի գինու, կոնյակի գործարանը: Նրա որդին ունի շինարարական մեծ ընկերություն: Հովիկ Աբրահամյանին է պատկանում Արարատի մարզի Մրգավետ գյուղում գտնվող «Հրաշք այգի« ռեստորանային համալիրը և «ELZ-NAR» շինարարական մեծ խանութ- սրահը: Հովիկ Աբրահամյանին է պատկանում «Պարտեզ» տաքսի ծառայությունը և Արտաշատ քաղաքում գտնվող «Պարտեզ» սուպերմարկետը: Վարչապետին է պատկանում նաև Երևան-Արտաշատ ավտոբուսային երթուղիներից մեկը:
Հ.Գ. Վստահաբար կարելի է ասել, որ նշված բիզնեսները Հովիկ Աբրահամյանին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող բազմաթիվ բիզնեսների միայն փոքր մասն են, սակայն այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ վարչապետը իր հարստությունը «պոմիդոր մշակելով» չի կուտակել: