Հայաստանում իրականությունն այնպիսն է, որ հաճախ պետական պաշտոնյաների թիկնապահները և նրանց բարեկամները իրենց ավելի լկտի են պահում, քան հենց իրենք՝ պաշտոնյաները: Այս իրողությունը գալիս է նրանից, որ թիկնապահները Հայաստանում միայն անձի անվտանգությունը չէ, որ ապահովում են:
Անցյալ տարեվերջին մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընկեր ներկայացող անձը խաբել էր Արարատի մարզի մի քանի բնակիչների և նրանցից մթերած կաթի դիմաց գումար չէր վճարել: Հետագայում ինչպես տեղեկացրեց «Հայկական Ժամանակ» օրաթերթը, այդ անձը Հովիկ Աբրահամյանի վարորդի խնամին է, և նա էլ դրանից ելնելով որոշել է, որ արտոնություններ կարող է ունենալ, սակայն, ինչպես պարզ դարձավ որոշ լրատվամիջոցների հաղորդած այլ տեղեկություններից, այս անձըˋ Լյովա Սաֆարյանը, ընկերություն է անում անձամբ Հովիկ Աբրահամյանի հետ: Լրատվամիջոցների հետ զրույցում նա ասել էր, որ Հովիկ Աբրահամյանը իր «մոտիկն» է, սակայն ինքը մթերված կաթի հետ ոչ մի կապ չունի: Իհարկե, որոշ ժամանակ անց Լյովա Սաֆարյանը հերքեց իր և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունների մասին տարածված տեղեկությունները:
Այս միջադեպը ևս մեկ անգամ բացահայտեց գործող շատ պաշտոնյաների իրական դեմքը, և ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում արտոնյալ են անգամ պետական պաշտոնյաների վարորդների խնամիները, ինչը, միանաշանակ, չի խոսում պետության հեղինակության մասին: