Նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանն այսօր Գորիսում խոսեց սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտության ու Սահմանադրական դատարանի կազմը փոխելու մասին:
Նա հիշեցրեց, որ ՍԴ-ի կազմն ընտրել են նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանությունը: «ՍԴ դատավորները ոչ մեկին չեն ներկայացնում: Կոպիտ ասած՝ հագուստի վրա կարմիր թելեր են կարել, ասել են՝ հոպարի հիշատակը պետք է պահել: Մեր խնդիրն այն է, որ հոպարին էլ, հոպարի հիշատակն էլ հանել էդտեղից»,- ասաց Արամ Սարգսյանը:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարի խոսքով՝ սահմանադրական հանրաքվեն սկզբունքային խնդիր է, քանի որ 21-րդ դարում «լեգիտիմ իշխանություն» ու «իշխանությունը պատկանում է ժողովրդին» խոսքերը հավասար են:
Նախկին վարչապետը վստահ է՝ այսօր «ոչ» ասողները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, որոնք ռուսաստաններում ու Բրյուսելում հանգիստ նստած ՀՀ-ի համար խնդիր են ստեղծում: «Ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը, ձեր ցավը տանեմ, հիշեք՝ իշխանության տերը դուք եք»,- ասաց կուսակցության ղեկավարը: