«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ հողի բերրի շերտը հանվում է շինարարական եւ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս եւ օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է: Այժմ շրջակա միջավայրի նախարարությունը հողի բերրի շերտի հանման, օգտագործման եւ վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման նպատակով համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթ է մշակել։ Ըստ որի՝ ճիշտ հակառակն է արվելու․ հողի բերրի շերտն այսուհետ վաճառվելու է (օրենսդրական փաթեթի հաստատվելուց հետո, իհարկե)։ Ինչով է նախարարությունը բացատրում այս կտրուկ փոփոխությունը:
Հայաստանի տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման, ինչպես նաեւ վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման հարցն ուսումնասիրելու, վերլուծելու եւ համապատասխան կարգավորումների օրենսդրական փաթեթ մշակելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան, մարզպետարաններ եւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին։ Հիմնականում հողի բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման եւ օգտագործման տվյալները վերաբերում են հանքարդյունաբերություն եւ շինարարություն կատարելու նպատակով հանված եւ տեղում պահետավորված հողի բերրի շերտին։ Օրինակ՝ վերջին երեք տարվա կտրվածքով Արարատի մարզում հանվել եւ տեղում պահեստավորվել է մոտ 16 հազ. խմ հողի բերրի շերտ, որն օգտագործվելու է հանքերի ռեկուլտիվացիայի եւ նախատեսվող կանաչ գոտիների հողի բարելավման համար։
Բայց ընդհանուր առմամբ հողի բերրի շերտի խախտման, աղտոտման եւ աղբոտման հետեւանքով վնասներ էլ են եղել: Հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերի վերաբերյալ տվյալների վերլուծությունների արդյունքում արձանագրվել են որոշ փաստեր եւ ի հայտ եկել խնդիրներ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։