Հնդկաստանի Բելագավի քաղաքում սխալմամբ մահացած հայտարարված կինն անսպասելիորեն արթնացել է իր հուղարկավորությունից առաջ: Այս մասին հաղորդում է thehindu.com կայքը:
55-ամյա Մալատի Չուգուլը, որը տառապել է տենդով, հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում: Հիվանդանոցում փորձել են նրան վերակենդանացնել, բայց չեն կարողացել:
Բժիշկները նրա մահվան մասին հայտարարել են և խնդրել հարազատներին՝ հիվանդանոցին վճարելուց հետո տուն տանել նրան:
Հարազատները սկսել են լաց լինել, և ոմանք, ովքեր ծրագրել էին մեկնել «Saundatti Yallamma» ամենամյա տոնավաճառ, չեղյալ են հայտարարել իրենց ուղևորությունը և շտապել գյուղ:
Հարազատները կնոջը հայրենի գյուղ են տարել, որտեղ մարմինը դրել են տան բակում ու սկսել նախապատրաստվել հուղարկավորությանը: Սակայն որոշ ժամանակ անց «հանգուցյալը» բացել է աչքերը, հետո վեր կացել՝ վախեցնելով հավաքվածներին:
Հարազատներից մեկը հասկացել է, որ կինը դուրս է եկել ժամանակավոր կոմայից, և փորձել է ներկաներին համոզել, որ կատարվածը հրաշք չէ: