Այսօր տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած երթը` նվիրված մարդու իրավունքների միջազգային օրվան: Երթը, իր մասնակիցների թվաքանակով, կարծես հետընտրական զարգացումներից հետո ամենամարդաշատն էր: Հատկանշական է, որ մասնակցում էին քաղաքական լիովին տարբեր, երբեմն հակադիր հայացքներ ունեցող քաղաքացիներ, նախաձեռնություններ և ուժեր: Սա նոր երևույթ կարելի է համարել Հայաստանյան քաղաքական դաշտում, երբ տարբեր քաղաքական ուժեր, խմբեր, նախաձեռնություններ ներկայացնող քաղաքացիները միավորվում են մեկ ընդհանուր խնդրի կամ գաղափարի շուրջ: Իհարկե, նախկինում ևս եղել են նմանատիպ իրավիճակներ, բայց գաղափարի շուրջ միասնական գործողության առումով սա աննախադեպ էր:
Բավականին հետաքրքրական էր նաև տեսնել երթի մասնակիցների տարատեսակ դրոշներն ու պաստառները` անարխիստական, անարխոֆեմինիզմի, LGBT և այլ: Այսինքն, յուրաքանչյուր անձ հնարավորություն ուներ մարդու իրավունքների պաշտպանության օրը դրսևորել և ներկայացնել իրեն, իր ինքնությունը: Այս ամենի հետ զուգահեռ, կարծես նոր խումբ է ձևավորվում Հայաստանում, որի անդամները արտաքնապես առանձնանում են բողոքի ակցիայի մյուս մասնակիցներից իրենց սև դիմակներով և յուրահատուկ կազմակերպվածությամբ: Սա ևս նորություն է, որը սեպտեմբերի երկուսի երթից հետո ավելի ակնառու երևաց այստեղ:
Այսպիսով կարող ենք փաստել, որ մասնակցության, բազմամշակութայնության առումով երթը ստացված էր: Եվ հենց բազմամշակութայնությունն ու փոխադարձ հանդուրժողականությունն են, որ հանդիսանում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հիմքերը:
Դրական կողմերով հանդերձ, պետք է նշել, որ այդպես էլ մարդու իրավունքների վերաբերյալ հստակ տեքստ չտրվեց: Չխոսվեցին առնվազն այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, ակտիվ քաղաքացիների հետապնդումների, առկա քաղբանտրկյալների մասին, բացառությամբ Շանթ Հարությունյանի մասին հիշեցնող պաստառի: Վերջնական արդյունքում, երթի կազմակերպիչները հանգեցին նրան, որ մարդու իրավունքների հիմնական խոչընդոտը Սերժ Սարգսյանն է, և նրան հեռացնելուց հետո ամեն ինչ լավ կլինի: Մոտավորապես նախընտրական քարոզչության շրջանակներում արվող հայտարարությունների նման. ընտրեք մեզ և մենք ձեզ համար կապահովենք բարեկեցիկ և երջանիկ կյանք:
Այսպիսով, հնարավոր չէ պահպանելլ մարդու իրավունքներն և ազատությունները, հնարավոր չէ պաշտպանել այլոց իրավունքները, եթե ինքդ կրողը չես այդ արժեհամակարգի, եթե իրավունքների համար պայքարող քաղաքացին գլխավոր թիրախից շեղող է որակվում:
Հովհաննես Մարտիրոսյան