տուն Հասարակություն Առողջապահություն Հնարավոր չէ մնալ իզոլացված ոչ երկրի ներսում և ոչ էլ այլ երկրների...

Հնարավոր չէ մնալ իզոլացված ոչ երկրի ներսում և ոչ էլ այլ երկրների հետ. նախարար

474
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Հանրային խորհրդի նիստին:

«Մենք տուն ենք ուղարկում մարդկանց, ովքեր, որպես այդպիսին, բուժօգնության կարիք չունեն և լինելու են պարզապես տեղամասային հսկողության տակ, ինչպես, օրինակ, կլինեին սուր շնչառական վարակների դեպքում, և եթե այնպես ստացվի, որ տարբերվի նրանց բուժօգնությունը, որը ենթադրում է տնային այց կամ պացիենտի այց պոլիկլինիկա, այսինքն՝ էականորեն տարբերվի այս գործընթացից, ապա մենք հավելյալ ֆինանսավորում կտրամադրենք»,- նշեց նախարարը:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն հարցին, թե արդյոք Վրաստանում և Հայաստանում տարբեր է կորոնավիրուսի վարակակիրների հաշվառման մեթոդաբանությունը, և արդյոք Վրաստանին իսկապես հաջողվել է կոտրել վարակի տարածման տեմպը, Թորոսյանը պատասխանեց․

«Իհարկե, այդ հարցը շատ է հնչում, հատկաես մեղադրական տոնի մեջ, բայց ես նորմալ եմ վերաբերվում։ Երկու բան կարող եմ ասել՝ նախ, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի խիստ և ավելի լավ, ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչ օրս իրենց մոտ սահմանափակումները դեռ ուժի մեջ են։ Չնայած, դա էլ բերում է իր հետևանքները, օրինակ՝ գնաճի բարձրացումը։ Իհարկե կա նաև մեթոդաբանության տարբերություն, նախ՝ Վրաստանի առողջապահական և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմաստով։ Այսինքն՝ մեր հակահամաճարակային համակարգը ավելի ուժեղ է, քան Վրաստանինը։ Ես դա չեմ ասում հպարտանալու համար, ուղղակի փաստն եմ արձանագրում՝ մասնագիտական և ոչ թե քաղաքական։ Այո, կա նաև հաշվարկի մեթոդաբանության տարբերություն»։

Թորոսյանն ընդգծեց, որ հնարավոր չէ մնալ իզոլացված ոչ երկրի ներսում և ոչ էլ այլ երկրների հետ, պարզապես հանրությունը պետք է սովորի ապրել վարակի հետ։