տուն Հասարակություն Հնարավո՞ր է կանխել հունվարի 1-ից սպասվող թանկացումները

Հնարավո՞ր է կանխել հունվարի 1-ից սպասվող թանկացումները

323
0

Հայտնի է, որ 2020 թ․ հունվարի 1-ից ԵԱՏՄ շուկա մուտք գործելու մեր արտոնյալ ժամանակահատվածը սպառվում է, ինչի արդյունքում կրկին սպասվում են թանկացումներ։

Նշենք, որ ամեն ինչ սկսվեց 2014 թ․, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ երկիր։ Մեզ տրված արտոնյալ ժամանակահատվածում կոնկրետ ցանկով ապրաքների համար կիրառվում էին ավելի ցածր մաքսատուրքեր՝ հաշվի առնելով, որ այդ ապրանքների մասով Հայաստանը զգայունություն ուներ, և այդ ապրանքների մի մեծ խմբաքանակ ներմուծվում էր երրորդ երկրներից։ Այս տարիների ընթացքում մաքսատուրքերն աստիճանաբար բարձրացվել են։

Ամենավերջին բարձրացումը նախատեսված է 2020-ին, ըստ այդմ՝ շուրջ 699 անուն ապրանքների մաքսատուրքերը 1-4 տոկոսի չափով կավելանան, ինչը լրացուցիչ գնաճային ճնշումներ կառաջացնի Հայաստանի ապրանքային շուկայում։

Խոսքը առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է՝ ցորեն, ալյուր, շաքարավազ, պտուղ-բանջարեղեն, մսամթերք և այլն։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ թանկացումներն անխուսափելի են, բայց դրա համար պետությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, գոնե զսպելու նպատակով։

«Պետք է խրախուսի գյուղատնտեսության զարգացումը, որը կզսպի գնաճն այդ ոլորտում։ Ենթադրենք՝ հավի մսի մաքսատուրքը պետք է բարձրանա ներկրվող ապրանքների դեպքում, այդ պարագայում պետք է խրախուսվի թռչնաբուծությունը Հայաստանում, կամ ԵԱՏՄ երկրներից ներմուծվող այլընտրանքային մատակարարումներ իրականացվեն։ Ասենք, կարող են ՌԴ-ից տվյալ ապրանքի ներկրումը դիտարկել»։

Ըստ տնտեսագետի՝ գյուղոլորտում իրականացվող ծրագրերը թերակատարվում են․ «Կար գյուղատնտեսներին աջակցության ծրագիր, որը հնարավորություն կտար, որ նրանք արտադրեին վերոնշյալ հավի միսն իրենց հողակտորների վրա, բայց չարվեց, և այդ ծրագրերի թերակատարումը լուրջ խնդիրներ կառաջացնի մեր տնտեսության համար։ Գյուղոլորտի առաջարկը կրճատվում է, և դրա հետևանքով գնաճային ճնշումները մեծանալու են»։

Ըստ Պարսյանի՝ պատահական չէ, որ 2020-ի բյուջեի նախագծում նախանշված է 4,5 տոկոսի չափով գնաճ․ «Հուսով եմ՝ այդ 4,5 տոկոսը տեղի չի ունենա ի հաշիվ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման»:

Եկամտային հարկի համահարթեցումը որևէ կերպ կազդի՞ գնաճի վրա։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում զբաղվածություն ունեցող մարդկանց շուրջ 60 տոկոսը 150․000 դրամից ցածր աշխատավարձ են ստանում, և նրանք հունվարի 1-ից չեն օգտվելու եկամտային հարկի նվազեցումից, սրա մասով կարող է լուրջ խնդիր  առաջանալ. մարդկանց մեծ մասի աշխատավարձերը չեն փոփոխվելու, սակայն որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանալու են»,- ասաց Պարսյանը։

Սակայն տնտեսագետը նկատեց, որ աղքատությունը հաղթահարելու համար կառավարությունը նաև բարեփոխումներ է արել սոցիալական ոլորտում. «Մասնավորապես՝ ծայրահեղ աղքատության շեմը բարձրացնելու համար կենսաթոշակները բարձրացվել են, այսինքն՝ աղքատ ընտանիքները ծայրահեղ աղքատության շեմը կանցնեն։ Շատ կարևոր էր նաև նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը 55․000-ից 68․000-ի։ Այս թիվն առաջին անգամ գերազանցեց նվազագույն սպառողական զամբյուղի մեծությունը, բայց պետք է ամեն կերպ զսպել գնաճային ճնշումները, այլապես կստացվի, որ 55․000 դրամով քաղաքացիներն ավելի շատ ապրանք էին գնում, քան 68000-ով։ Պետք է հաշվի առնենք, որ 55․000 դրամ աշխատավարձ ստացողը իր գումարը ծախսում է առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար»,- մանրամասնեց նա։