Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստը: Պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման հաշվետվությունը:
Այնուհետև հաստատվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի և ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու անցուղիների կառուցման տեխնիկական առաջադրանքը, ներկայացվել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի հարավային՝ Քաջարանից մինչև Ագարակ ձգվող մոտ 42 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի ծրագիրը, որն արժանացել է խորհրդի հավանությանը:
Այս ամենը, սակայն, շատ հետաքրքիր է այն բանից հետո, երբ փետրվարի 26-ին Տիգրան Սարգսյանը խոստովանել էր, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման համար Հայաստանում չկան համապատասխան մասնագետներն ու գիտելիքները: «Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում չկային այն կարողությունները, որոնք պետք է հնարավորություն տային մեզ առաջինը` նախագծել նման ճանապարհներ: Մենք չունեինք գիտելիքներ, չունեինք մասնագետներ և չունեինք նորմատիվ ակտեր: Երկրորդը` մենք չունեինք փորձ, գիտելիքներ և կարողություններ` ինչպես է կառավարվում նմանատիպ մեծածավալ ներդրումների պարագայում ճանապարհային շինարարությունը: Դա նաև բացասաբար է անդրադարձել 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշի վրա, որովհետև մենք չենք կատարել բավականին մեծ ծավալի կապիտալ ներդրումներ, քանի որ նախապատվությունը տվել ենք որակին»,- ասել էր նախկին վարչապետը` հավելելով, որ լրացուցիչ կապիտալ ներդրումներ են սպասվում այս բնագավառում, քանզի 900 միլիոնն էլ բավարար չի լինելու ավտոճանապարհի աշխատանքներն ավարտելու համար (այն նախատեսվում է ավարտել 2019-ին):
Ստացվում է, որ ՀՀ նախագահը, կառավարությունը, Սահմանադրական դատարանը և Ազգային ժողովը հարյուրից ավելի էջ կազմող առնվազն 13 փաստաթղթեր են ընդունել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունն իրականացնելու համար, որոնց վրա աշխատել են ՀՀ նախագահի, կառավարության, Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի, Տրանսպորտի և կապի նախարարության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, տեղական ինքնակառավարման մի շարք մարմինների աշխատակիցներ և մի շարք այլ մարդիկ: Ինչպես նշված է «Բաց հասարակություն հիմնադրամներ» կազմակերպության հրապարակած «Պետական պարտքի կառավարման վերաբերյալ վերջին տարիներին ընդունած քաղաքական որոշումները և դրանց հետևանքները» թեմայով հետազոտությունում, վերջին տարիներին իրականացվել են ապագա ավտոմայրուղու ճանապարհի ուսումնասիրության, փորձաքննությունների, նախագծահաշվարկային աշխատանքներ, բազմաթիվ պաշտոնյաներ բանակցություններ են վարել վարկատու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մշակվել են փաստաթղթերը, որոնք ուսումնասիրել են տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ և պատրաստել եզրակացություններ, կատարվել են շինարարական աշխատանքներ, ստուգվել են այդ աշխատանքների որակը, դրանց ֆինանսատնտեսական փաստաթղթերը, կատարվել են այլ աշխատանքներ: Այս բոլոր աշխատանքների վրա մի քանի տասնյակ (եթե ոչ մի քանի հարյուր) պաշտոնյաներ և աշխատակիցներ աշխատել են մի քանի տարի: Ծախսվել է մի քանի հարյուր հազար մարդ/ժամ աշխատաժամանակ:
Եվ այս ամենից հետո պարզվում է, որ Հայաստանում չկային այն կարողությունները, որոնք պետք է հնարավորություն տային նախագծել այդ ճանապարհը: Սակայն, նախկին վարչապետի այդ հայտարարությունից հետո, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը այս տարվա մարտին զարմանալիորեն ստորագրեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երկրորդ մասնաբաժնի վերաբերյալ վարկային համաձայնագիրը՝ 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Հիմա էլ Հովիկ Աբրահամյանն է ինչ-որ նիստեր անում ու ծրագրեր հաստատում: Թե ինչն է փոխվել փետրվարից հետո, պարզ չէ: Եվ թե ինչքան անիմաստ ռեսուրսներ ու ժամանակ կծախսվեն այս վարչապետի կողմից այդ ճանապարհի վրա, դժվար է ասել:
Մեկ բան, սակայն, ակնհայտ է` Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին հնարավոր չէ ավարտել 2019 թվականին, և դրա կառուցման համար 900 միլիոն դոլարը բավարար չէ: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, այդ ճանապարհը կհամալրի Գյուլնազ տատի հեքիաթներ դարձած մի շարք այլ նախագծերի շարքը: Միայն թե, ասենք` Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոքաղաք սարքելու կամ Իրան-Հայաստան երկաթգծի ծրագրերի վրա շատ ավելի քիչ ռեսուրսներ են վատնվել, քան Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության վրա:
Հայկ Մանուկյան