Նախկին իշխանությունների կողմից ժամանակին Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը շեփորվում էր՝ որպես երկրի զարգացմանն ու ժողովրդի բարօրությանն ուղղված մեծածավալ ծրագրի հերոսական իրականացում:
Սակայն իրականությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում: Մեծածավալ ծրագրի ընթացքում թույլ տրված չարաշահումների բացահայտումը ծնել է… մեծածավալ քրեական գործ…
Շուրջ 10 տարվա ընթացքում Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները այդպես էլ չեն ավարտվել:
Ծրագրի իրականացման ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու գործով այս պահին կա 29 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին ու ներկա պաշտոնյաներ:
Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ ՀՀ դատախազությունը հաղորդագրությամբ տեղեկացնում է հետևյալը:
Քրեական գործով առկա տվյալներն առերևույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար և ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության բացակայության, պայմանագրերի գնի և բովանդակության, նախագծերի մեջ անհարկի ու անհիմն փոփոխություններ կատարելու արդյունքում նախատեսված ժամկետների խախտմամբ, շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ երթևեկության ժամկետի կրճատումը, Հայաստանի հարավը անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելը և այլն:
Աննախադեպ ծավալ ունեցող քրեական գործով մի քանի՝ Ծրագրի համար պատասխանատու պաշտոնատար անձանց, Ծրագրում ընդգրկված արտասահմանյան կապալառու և տեղական ենթակապալառու կազմակերպությունների հանցավոր չարաշահումների, դրանցում ներգրավված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանցավոր գործունեության ուղղություններով բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:
Քննության ներկա պահին քրեական հետապնդում է հարուցվել 29 անձանց նկատմամբ, որոնցից 4-ը գործող և նախկին պաշտոնատար անձինք են, իսկ մյուսները՝ ծրագրում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ:
Անդրադառնալով հատկապես տարբեր դրվագներով կապալառու և ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց կողմից հարկման հիմք հանդիսացող առերևույթ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, նաև փողերի լվացման նպատակով առանց աշխատանքների փաստացի կատարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշվապահական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ քննության ուղղությանը, դատախազության հաղորդագրության մեջ նշվել է, որ քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված՝ ընդհանուր առմամբ 4.211.416.057 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս:
Այսպես. «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց միջև՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առանց ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր կնքելու, վճարային փաստաթղթեր ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու վերաբերյալ:
Վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչև 2017 թվականի ապրիլի 4-ը ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր՝ 1.162.260.574,5 ՀՀ դրամ: Նախապես մշակված հանցավոր սխեմայի իրագործմամբ «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա-ն, ընկերության երկու աշխատակիցների ներգրավմամբ հիմնադրել են երկու ՍՊ ընկերություններ՝ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի: Ընկերության գլխավոր հաշվապահ Ս.Մ-ն, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ՝ ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերությունից ստացված դրամական միջոցները նշված երկու ՍՊ ընկերություներին փոխանցելու, «Սթոնս» ՍՊ ընկերությունում դիվիդենտ-շահաբաժին ձևակերպելու միջոցով կանխիկացրել է ստացված գումարի մի մասը և այն առձեռն փոխանցել է Ս.Ա-ին: Առանց պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցելու՝ «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին են ներկայացվել 1.167.409.328,31 ՀՀ դրամի թվով 7 կեղծ հարկային հաշիվներ, որոնք ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության կողմից 2016 և 2017 թվականների գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում ու ԱԱՀ-ի հաշվարկներում:
Քննության ներկա փուլում միայն նկարագրված առերևույթ ապօրինի գործարքների արդյունքում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ՝ 2.729.457.229 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Ս.Ա-ին, վերջինիս հետ հանցակցած չորս աշխատակիցներին, չինական կապալառու կազմակերպության երեք աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:
«Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա-ի ներկայացուցչի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է վերականգնվել 1 մլրդ ՀՀ դրամ՝ որպես վնասի վերականգման երաշխիք:
Գործով նախաքննությունը շարունակվում է:
Դատախազության հաղորդագրության մեջ հիշատակված՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Ա.-ն՝ Սեդրակ Առուստամյանը, հիշեցնենք՝ մեկ այլ քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) և 38-190 հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը):
Ըստ մեղադրանքի՝ Առուստամյանը 22.401.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել 2008-2014 թվականներին ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանին՝ ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու և այլ նպատակներով, իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար դրանք փոխանցվել են Գագիկ Խաչատրյանի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության՝ նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Առուստամյանի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 և 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Առուստամյանին «որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել»:
Սեդրակ Առուստամյանի պաշտպանական կողմի հավաստիացմամբ՝ Խաչատրյան եղբայրները պատրաստ են գումարը՝ տոկոսներով հանդերձ, վերադարձնել, բայց քանի որ նրանց բոլոր գույքերը և դրամական միջոցները արգելանքի տակ են, արդեն մեկ տարուց ավելի՝ նրանք չեն կարողանում որևէ գործարք կատարել այդ ուղղությամբ:
Նրանք երբեք էլ չեն հրաժարվել այդ գումարը վերադարձնելուց, դրանք քաղաքացիաիրավական հարաբերություններ են, և պետությունը իրավունք չունի դրան միջամտելու…
Պաշտպանական կողմը նշել է, որ արգելանքի տակ են նաև Սեդրակ Առուստամյանի դրամական միջոցները, բանկային հաշիվները, ողջ գույքը:
ԱԱԾ քննչական դեպարտամենտը տեղեկացրել է, որ հիշյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են Գագիկ Խաչատրյանի երկու որդիները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, հայտարարված է հետախուզում: Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները որպես մեղադրյալ են ներգրավված առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն և ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ միջոցներ են ձեռնարկվում կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Սեդրակ Առուստամյանը 2011թվականին 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է իր մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիներ» բերելու և 1987 թվականին տատի կողմից դրանք իրեն փոխանցելու հանգամանքներով:
Սեդրակ Առուստամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի ևս մի գործով, որը դատարանում է: Առուստամյանը մեղադրվում է այն բանի համար, որ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, շարունակել է այդ շինության կառուցումը։
Մեծածավալ քրեական գործերի քննությունը շարունակվում է: