Հյուսիսային պողոտայի մի հատվածը փակել են շինարարական աշխատանքների համար: Araratnews.am-ի թղթակիցը նկարահանել է մի վահանակ, որտեղ գրված է, թե Հյուսիսային պողոտայում 2013 թվականի ապրիլի 10-ից սկսվել են շինարարական աշխատանքներ, որոնք պետք է ավարտվեն 2014 թվականի մարտի 4-ին: Հաշվի առնելով, որ աշխատանքներն արդեն իսկ նշված ժամկետից կես տարով ուշացել են, բնականաբար, ավարտի ժամկետն էլ արժանահավատ չէ: Համաձայն վերոնշյալ վահանակի Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ Թումանյան փողոցից մինչեւ Արամի Աբովյան խաչմերուկ ընկած հատվածում ամբողջովին փոխվելու է սալահատակը, ճանապարհի երիզով տնկվելու են ծառեր, տեղադրվելու են նոր նստարաններ, իսկ ներքեւի հարկ իջնող աստիճանները փոխարինվելու են շարժասանդուղքներով՝ էսկալատորներով: Վահանակի վրա նշված է նաեւ, որ ստորգետնյա հարկում կառուցվելու է առեւտրահասարակական գոտի: Պարզ չէ, թե առանց այն էլ ծանրաբեռնված Հյուսիսային պողոտան ինչպես է առետրահասարակական գոտուց օգտվող մեծ քանակությամբ մեքենաների համար կայանատեղի ապահովելու: