ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ իրենք մնում են ընդդիմադիր դաշտում, սակայն պատրաստ են ստանձնել պետական պաշտոններ, եթե իշխանությունները ամբողջապես ընդունեն և իրագործեն իրենց կողմից
ներկայացված 7 կետանոց առաջարկը.«Այս պահին մենք մնում ենք ընդդիմադիր դաշտում, սակայն իշխանությունները դուռը կիսաբաց են թողել, և եթե ընդունվի մեր 7 կետանոց առաջարկն ամբողջությամբ, ապա մենք պատրաստ ենք ստանձնել պարտականություններ»,-ասաց Արմեն Ռուստամյանը` ավելացնելով, որ պարտադիր չէ իշխանությունները հայտարարեն 7 կետերի ընդունման մասին։ Եթե տեսնեն, որ այդ կետերը իրականացվում են, ապա խոսքերի կարիք չի լինի.«Մեզ համար կարևոր է ոչ թե խոսքը, այլ՝ գործը, և եթե իշխանությունները, անգամ առանց ասելու, իրագործեն մեր առաջարկները, ապա մենք պատրաստ ենք ստանձնել համատեղ պարտականություններ»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ ներկայացուցիչը ասաց նաև, որ իրենք չեն գնա Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, քանի որ այդպիսով իրականությունը չի փոխվի.«Լավ, մենք ինչ ենք ասում, ասում ենք՝ մենք կգանք՝ լավ կլինի: Մենք կողմնակիցը չենք նման մոտեցման, մենք ասում ենք, որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ»,-ասաց Արմեն Ռուստամյանը` նշելով, որ այս հարցերը քննարկվել են նաև քառյակի հանդիպումների ընթացքում: