Այսօր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքի հետ զրույցում անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին: Այս կապակցությամբ, մասնավորապես, Քոչարյանը նշել էր.«Առաջին հարցը, որ ծագում է իմ մեջ՝ արդյոք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ: Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի այս դիտարկմանը: Նա նշեց, որ համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ` ավելացնելով, որ հիմա կա սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն և պահանջ.«Այո համաձայն եմ պարոն Քոչարյանի հետ, որ սահմանադրական փոփոխությունների հանար հասարակության շրջանում պետք է հասունացած լինի հասարակական տրամադրություններ, սակայն պետք է նաև ավելացնեմ, որ նման տրամադրվածությունը վաղուց արդեն առկա էր»,-եզրափակեց իր խոսքը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը: