ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է, որ լուրջ կասկածներ ունի, որ իշխող կուսակցությունը կարող է այսօրվա արտահերթ նիստի համար քվորում չապահովել:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն նախատեսում է կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ լսումներ կազակերպել՝ հաշվի առնելով այս համակարգի դեմ քաղաքացիներից ու տարբեր ընկերություններից ԱԺ պատգամավորներին ուղղված բազմաթիվ դիմում-բողոքները:
«Հավանական է, որ նիստը տեղի չունենա, որովհետև իշխանությունները աշխատում են կարճ բանաձևով՝ թաքցնելու համար իրենց ծրագրերի խոցելիությունն ու սխալ լինելը, խուսափում են քննարկումից: Իրենց ձեռագրին ծանոթ եմ, չնայած հայտարարել են, որ ամեն ինչ անելու են, որ քվորում լինի»,- նշել է Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստի անցկացումը նախաձեռնել են ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն ու ԲՀԿ խմբակցությունները՝ հավաքելով անհրաժեշտ 44 ստորագրություններ:
Էմմա Պալյան