Ինչպես Araratnews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, այսօր խորհրդարանում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ` խիստ քննադատելով նախագիծը: Նրան զարմացրել են հատկապես ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե իրենք լինելով ընդդիմություն՝ կողմ են քվեարկելու այս նախագծին: «Իմ համեստ և անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետի սպանությունը բացահայտողի թիվ մեկ դերում լինելով՝ չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին, և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանալուն: Սա ի իմիջիայլոց, պարզապես փաստերը ճշգրտելու համար»,- ասել էր Փաշինյանը: Ինչին հետևել էր դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի արձագանքը: Վերջինս ի պատասխան Փաշինյանի` լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ամեն մի ցինիկի եւ կեղծ բարեպաշտի պատրաստ չեմ պատասխանել»: Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամքնը, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախ են իրար քարկոծում և միմյանց նկատմամբ մեղադրանքներ ավելի շատ ներկայացնում: Այս հարցերի շուրջ մեր թղթակիցը զրուցել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ։ Նա նշել է, որ Հայաստանում չկա ոչ իշխանություն, ոչ էլ ընդդիմություն: «Ընդդիմություն գոյություն չունի, որովհետև եթե մենք վերջին տասը տարվա օրինակն ենք նայում, ապա տեսնում ենք, որ ընդդիմությունը Արտաշես Գեղամյանը, Արշակ Սադոյանը, Վազգեն Մանուկյանն էին, իսկ հիմա որտեղ են նրանք՝ իհարկե Սերժ Սարգսյանի կողքին, այստեղից կարելի է եզրակացնել, որ ընդդիմությունը շինծու է: Ի դեպ, այդ շարքին են պատկանում նաև Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես միշտ ասել եմ, որ ՀՀՇ-ն ուզում են բերել ԱԺ, ու հենց այդպես էլ եղավ»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի անձին` Տիգրան Կարապետյանը նշել է. «Նիկոլն իսկապես արդար մղումներով է առաջնորդվում, ես հավանում եմ նրան, իսկ Դաշնակցությունը որ կեղծ է, դրանում ոչ մի խոսք: Եվ ասեմ, որ Դաշնակցության ներկայացուցիչները իրավունք չունեն Նիկոլ Փաշինյանին որևէ բան ասելու, որովհետև մեկը մյուսի հետ համեմատելու չէ անգամ»,-Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցն ավարտել է Տիգրան Կարապետյանը:
Էմմա Պալյան