ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր Ազգային Ժողովում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոր կառավարության ծրագրին` ասաց, որ իրենք նույն կերպ կվերաբերվեն այս կառավարությանը, եթե նրանք շարունակեն այն ծրագրերը, որոնք իրականացնում էր Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը.«Մենք նույն վերաբերմունքն ենք ունենալու այս կառավարության նկատմամբ, եթե նրանք շարունակելու են նախորդի ծրագրերը: Ի վերջո ինչու՞ փոփոխվեց կառավարությունը, որպեսզի շարունակեն նախորդին, թե՞ փոփոխված ծրագրերով հանդես գան»,-ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ ամենայն հավանականությամբ իրենք դեմ կքվեարկեն Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության ծրագրին: