Ազգային ժողովում օղակը Հանրապետական մեծամասնության և վերջինիս կամակատար ՕԵԿ-ի շուրջ աստիճանաբար սեղմվում է: Չնայած այն բանին, որ թվային առումով այս կոալիցիան Ազգային ժողովում մեծամասնություն է, սակայն ոչ իշխանական ուժերի ակնհայտ դիմադրությունը խնդիրներ է ստեղծում վերջիններիս համար: Հովիկ Արգամիչը արդեն ստիպված է քվեարկությունների ժամանակ լուրջ ջանքեր ներդնել՝ խորհրդարանում մեծամասնություն հավաքելու համար:
Նախկինում ներկայիս ոչ իշխանական որոշ ուժերի կողմից որոշակի աջակցության ստացումը հեշտացնում էր Հովիկ Արգամիչի աշխատանքը, իսկ այժմ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն նման շռայլություններ թույլ չեն տալիս իրենց: Այսպիսով ԱԺ-ում արդեն անցել է ընդհանուր համերաշխության մթնոլորտում անցնող կոստանյանական քվեարկությունների ժամանակը:
Ասվածը ապացուցելու են գալիս հանրային լայն հնչեղություն ստացած վերջին երկու հարցերի քննարկումներն ու քվեարկությունները, մի դեպքում՝ պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի ներդրումը, հետո արդեն, ավելի հետաքրքրական զարգացումներ ստացած, հայ-ռուսական համաձայնագրերի հաստատումը:
Փորձը ցույց է տալիս, որ մեծամասամբ ավտորիտար կառուցվածք ունեցող հայաստանյան կուսակցություններում այսպիսի քայլերը զուտ պատահականությամբ կամ կուսակցության անդամների կոնսենսուսային որոշումների արդյունքում չեն իրականացվում: Որոշումները թելադրվում են մեկ կետից կամ ղեկավար խմբի կողմից: Այս համատեքստում առնվազն անհասկանալի է ԲՀԿ-ի կողմնորոշումը հայ-ռուսական համաձայնագրերի հարցում:
Ակնհայտ ռուսական կողմնորոշում ունեցող, հազարավոր կապերով ռուսական քաղաքական և տնտեսական դասի հետ փոխկապակցված, Եդինայա Ռոսիայի հայաստանյան գործընկերը համարվող ուժը դեմ է դուրս գալիս այդ համաձայնագրերին: Հետաքրքրական է նաև այս ուժի քաղաքական հոր դիրքորոշումը, որը ստացված տեղեկությունների համաձայն, ևս դեմ է այս համաձայնագրերին: Եվ սա այն դեպքում, երբ նույն Ռոբերտ Քոչարյանը մեծ հաջողությամբ իրականացրեց գույք՝ պարտքի դիմաց ծրագիրը, դրանով իսկ մեծացնելով ՀՀ տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից: Հենց այս կախվածությունն են նաև այսօր տարբեր թե՛ իշխանական և թե՛ ոչ իշխանական շրջանակները առաջ բերում՝ ՀՀ մաքսային միությանն անդամակցությունը և, անգամ, այս գազային համաձայնագրերը արդարացնելու համար:
Ռուսական պետության հանդեպ անթաքույց համակրանք տածող, ոչ իշխանական ուժերից մաքսային միության անդամակցությանը հստակ կողմ արտահայտված ՀՅԴ-ն ևս անցել է սկզբունքային դեմերի շարքերը, միաժամանակ չհրաժարվելով նաև դեսպան ունենալու հավակնություններից:
Սակայն այս երկու ուժերի հետ հարաբերություններում էլ կարծես վարչախումբը լուրջ խնդիրներ չի տեսնում: Դեսպանի հարցը դեռ մնում է օրակարգում, իսկ սկզբունքային դեմ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի խուսափում Սերժ Սարգսյանին ճանապարհել Մոսկվա՝ ՀՀ ինքնիշխանության վաճառքի մասին Վլադիմիր Վլադիմիրովիչին հաշվետվություն ներկայացնելու համար:
Այն, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի համար էլ Սերժ Սարգսյանը այլևս անարդյունավետ կառավարիչ է Հայաստանում, քանի որ ավելին այլևս ստանալ նրանից հնարավոր չէ, փաստ է: Իսկ անգամ գուբերնատորը պետք է ունենա որոշակի սոցիալական հենարան: Այս դեպքում, հավանաբար, փորձ կարվի Սերժ Սարգսյանին ուղարկել վաստակած հանգստի՝ վերջինիս փոխարինելով իր իսկ ռեժիմը տապալած և հանրության համակրանքը վայելող ուժով:
Այս համատեքստում լիովին հասկանալի է դառնում ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի վճռական ակտիվությունն այս դեպքում: Իսկ Մաքսային միություն մուտքը նման պայմաններում Կրեմլի համար դառնում է երկրորդական, քանի որ դա ընդամենը փաստացի իրավիճակի իրավաբանորեն ֆիքսումն է: Իսկ ուժային դիվանագիտության կողմնակից Ռուսաստանի համար իրավական փաստաթղթերը վստահաբար առաջնային կարևորություն չեն ներկայացնում:
Սևակ Մամյան