ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է։ Ովքեր դա չեն լրացնում ինքնաթիռում, պետք է դա անեն արդեն օդանավակայանում, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Հասցեական քարտերում պարտադիր է լրացնել բնակության կամ գրանցման ճշգրիտ հասցեն։
Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ անկախ ուղղությունից՝ ՀՀ սահմանը հատող բոլոր ուղևորների համար արդեն լրացվում են հասցեական քարտեր։ Հանձնարարականից հետո «Զվարթնոց» օդանավակայանում այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ արդեն լրացվել է 6300 հասցեական քարտ։ Այս մասին ՀՀ փոխվարչապետին զեկուցել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ՀՀ կառավարության նիստում։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է նաեւ ցամաքային ու երկաթգծային սահմաններում՝ համալիր աշխատանքների ողջ ընթացքում համագործակցելով ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության եւ պետական այլ կառույցների հետ եւ օպերատիվ կերպով տեղեկատվություն փոխանակելով»։