տուն Լուրեր ՀՀ վարչապետը պատգամավորներին առաջարկել էր հավաքարար աշխատել Կենտրոնական բանկում

ՀՀ վարչապետը պատգամավորներին առաջարկել էր հավաքարար աշխատել Կենտրոնական բանկում

296
0

nnn

 

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լրջագույն խնդիրներ է տեսնում պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագծում, հետևաբար կքննարկի և առաջարկություններ կներկայացնի: Այս մասին այսօր խմբակցության անունից հայտարարել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս նախագիծը բերել է մի կառավարություն, որը համարում է, որ խորհրդարանն իր կցորդն է: «Իսկ ինչո՞ւ է այդպես համարում, եկեք քննարկենք այդ հարցը: Քանի՞ անգամ է դեպք եղել, երբ խորհրդարանական մեծամասնության հանձնաժողովները մերժեն այն նախագծերը, որոնք բերել է այս կառավարությունը: Քանի՞ անգամ է եղել, երբ հանձնաժողովները, որոնք գլխավորում են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, դրական եզրակացություններ տան այն նախագծերին, որոնց վերաբերյալ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն: Ես կարող եմ հիշել նման եզակի դեպքեր: Ուստի այսօր պահանջել կառավարությունից՝ հարգել Սահմանադրությունը, կարծում եմ ազնիվ չէ: Դեռ պիտի շնորհակալ լինենք, որ այս կառավարությունը չի դիմում Սահամանդրական բարեփոխումների հանձնաժողովին և չի ասում՝ եկեք իմ դե ֆակտո արտոնյալ կարգավիճակն ամրագրենք նաև դե յուրե»,- ասել է նա:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այս նախագիծը ներկայացրել է մի կառավարություն, որի ղեկավարը Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ ԱԺ ամբիոնից հրավիրում էր պատգամավորներին աշխատելու Կենտրոնական բանկում որպես հավաքարար, որովհետև որոշ պատգամավորներ կարծիք էին հայտնել, որ Կենտրոնական բանկի հավաքարարն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան Ազգային ժողովի պատգամավորը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս փաստաթուղթը լուրջ քաղաքական ենթատեքստ է պարունակում:

«Արդոք անարդար չէ՞, երբ ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը բարձրացնում ենք շատ աննշան, իսկ պատգամավորների, նախարարների, մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում ենք շատ մեծ գործակցով: Իհարկե անարդար է: Ես ինքս չեմ կարող նայել այն գործազուրկների աչքերին, որոնց մենք երեկ ձեր քվեարկությամբ զրկեցինք 20 հազար դրամ նպաստ ստանալուց՝ 18 հազար մարդու, և չեմ կարողանա բացատրել, թե ինչո՞ւ իմ պատգամավորական աշխատավարձը պետք է լինի բարձր՝ բարձրանա 12 գործակցով, իսկ նրանցը՝ ուսուցչինը, բժշկինը՝ ընդամենը 3 կամ 4 գործակցով»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, զավեշտ է կարծել, թե ահա այս նախագծով աշխատավարձ բարձրացնելով կոռուպցիոն ռիսկերը նվազելու են: «Հիշենք դատավորների հետ տեղի ունեցած պատմությունը՝ ինչքան բարձրացրեցինք, այնքան անվստահությունը արատավոր իրավական համակարգի հանդեպ աճում է»,- նշել է ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here