ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին եղել է ռազմավարական զորավարժության շրջանակում Կոտայքի մարզում զորքերի լրահամալրում իրականացնող կետերից մեկում, հետևել պահեստազորայինների և ավտոմոբիլային տեխնիկայի զորահամալրման գործընթացին, զրուցել զինապարտների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով Հայաստանում անցկացվող աննախադեպ ծավալի զորավարժության դերը զորահավաքային ռեսուրսի առկա վիճակի գնահատման գործում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին արագ արձագանքելու և պետական կարևորագույն այս միջոցառմանը ներգրավվելու հարցում պատրաստակամություն ցուցաբերելու համար:
Սեպտեմբերի 24-ին ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանականորեն ռազմական դրություն հայտարարելու մասին:
Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի: Զորավարժության նպատակներն են ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: