Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է բիզնեսի համար լավագույն երկրների վարկանիշային աղյուսակը 2013թ-ի համար: Վերլուծվել է 145 պետություն՝ հիմնվելով 11 չափանիշների վրա, որոնք կարևոր են բիզնեսի համար: Դրանք են՝ քաղաքացիների անձնական ազատությունների մակարդակը, սեփականության իրավունքի և ներդրումների պաշտպանվածության աստիճանը, գների կայունությունը, ապրանքների և ծառայությունների արտահանման, ներմուծման պատնեշները, տեխնոլոգիաների զարգացման մակարդակը, բիզնեսի վրա պետության ազդեցության աստիճանը, կոռուպցիան, հարկերը և բաժնետոմսերի շուկայի վիճակը:
Տվյալները հավաքագրվել են Freedom House, Heritage Foundation, Property Rights Alliance, Transparency International կազմակերպությունների, Համաշխարհային բանկի և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետազոտությունների արդյունքներով:
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Իռլանդիան: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Նոր Զելանդիան և Հոնկոնգը:
Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը:
Տարածաշրջանի երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը: Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը համապատասխանաբար զբաղեցրել են 57-րդ, 67-րդ, 132-րդ տեղերը: Ռուսաստանը գտնվում է 91-րդ հորիզոնականում: