Մաքսային միության երկրները առանձին-առանձին ազատ առևտրի համաձայնագրեր ունեն Վրաստանի հետ, նման համաձայնագիր ունի նաև Հայաստանը: Ուստի Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանը կշարունակի ազատ ռեժիմով առևտուրը Վրաստանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ չի փոխվի նաև Իրանի հետ մեր առևտրի ռեժիմը, քանի որ Մաքսային միության ռեժիմը չի տարբերվում այս պահին Իրանի հետ մեր գործող ռեժիմից:
Հիշեցնենք, որ Մաքսային միության կաննոների համաձայն՝ այդ միությունից դուրս գտնվող երկրների նկատմամբ Միության անդամ երկրները պետք է նույն առևտրային ռեժիմներն ու մաքսատուրքերն ունենան:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Մաքսային միությունը այդ երկրի հետ ունի GSP համակարգ, այսինքն՝ մի փոքր ավելի ցածր մասքային դրույքաչափեր ու ավելի մեղմ ոչ սակագնային կարգավորումներ, սակայն, փոխնախարարի խոսքով, Հայաստանը բանակցելու է՝ այդ համակարգը Թուքրայի նկատմամբ չկիրառելու համար: Որովհետև, ըստ Մելքոնյանի, Թուրքիան, լինելով եվրոպական GSP+ համակարգի մեջ գտնվող երկիր, չի կիրառում այդ համակարգը Հայաստանի նկատմամբ՝ խախտելով բոլոր կանոնները: