Խորհրդարանում շարունակվում են 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումները:
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մանրամասնել է, որ 1 մլրդ 575 մլն 884 դրամ հատկացնելու հայտ են ներկայացրել իրենց գործառույթներն իրականացնելու համար:
«Գումարի 90 տոկոսը պետք է ծախսվի աշխատակիցներին պահելու կարիքներին, նրանց աշխատավարձերի վճարմանն ու շենքի շահագործմանը: Միջոցների մի մասը կուղղվի աշխատանքային ուղեւորություններին ու գործուղումներին »,- նշել է Էմիլ Տարասյանը։
Պաշտոնյան նաև հավելել է, որ 2020 թվականին նախագահի աշխատակազմը նախատեսել է իրականացնել 22 բարեգործական ծրագիր: