ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ բյուջեի ձևավորման հիմքում ընկած մակրոտնտեսական ցուցանիշներով նախատեսվում է իրական ՀՆԱ-ի աճ 5,2 տոկոսով: Անվանական ՀՆԱ-ն կկազմի 4 տրլն 723 մլրդ 700 մլն դրամ:
«Ծախսային մասի 45,6 տոկոսը սոցիալական ծախսերն են: Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար հատկացվում է ծախսային մասի 21,1 տոկոսը: Տնտեսական ճյուղերի զարգացման առումով՝ 11,7 տոկոսը»,- ասաց Սարգսյանը:
2013թ-ի պետական բյուջեի համեմատությամբ՝ ծախսային մասում նախատեսված են ավելացումներ: Այսպես՝ հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան 40 տոկոսով, ինչի նպատակով բյուջեի ծախսային մասից լրացուցիչ 36,6 մլրդ դրամ է նախատեսվում: Հունվարի 1-ից 15 տոկոսով կավելանան կենսաթոշակները, լրացուցիչ ծախսերը կկազմեն 34,1 մլրդ դրամ: Բացի այդ՝ հունվարի 1-ից անցում կկատարվի կուտակային կենսաթոշակային համակարգին, ինչի համար նախատեսված է լրացուցիչ ծախս 20 մլրդ 700 մլն դրամի չափով:
Դ. Սարգսյանը նշեց, որ նախագիծն անցել է քննարկման բոլոր փուլերը, և մինչ հաստատումը, երկու օր ժամանակ խնդրեց փաստաթղթի վերջնական խմբագրման համար:
Աղբյուր` emedia.am