Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին ոստիկանությունը սկսել է մասսայաբար բերման ենթարկել:
«Նախ ուզում եմ ԱԺ-ին տեղյակ պահել, որ դրսում այս պահին ՀՀ քաղաքացիները իրականացնում են իրենց իրավունքը, հանդես են գալիս բողոքի ցույցով: Ապա ասեմ, որ ոստիկանությունը կրկին սկսել է ապօրինությունները՝ կարծիք արտահայտող քաղաքացիների նկատմամբ: Տեղեկացա, որ տասը եւ ավելի մարդկանց լցրել են ոստիկանական մեքենաները, եւ ես պահանջում եմ, որ անհապաղ ազատ արձակեն ակտիվիստներին եւ թույլ տան իրենց կարծիքն արտահայտելու»,- նշել է պատգամավորը:
Փաշինյանն իր ելույթում քննադատել է ՀՀ իրականացրած «գազային ծրագիրը», իսկ ՀՀ էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանին ասել է. «Ձեզ ես հարց չունեմ տալու, որովհետեւ դուք որպես նախարար չպետք է լինեիք այստեղ, դուք վաղուց արդեն պետք է հրաժարական տված լինեիք ամբողջ կառավարության կազմի հետ: Եվ, եթե դուք նախարար եք, դա մի բան է նշանակում՝ որ վաղուց կառավարությունը դուրս է եկել Ս. Սարգսյանի վերահսկողությունից, քանի որ Սերժ Սարգսյանն ասել էր, որ պետք է հրաժարական տա այն Կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չի ապահովի»: