ԱԺ-ն արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստում քննարկեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին հարցը:
Հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն էր:
Իր ելույթում փոխնախարարն ասաց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019 թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:
«Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020 թ. մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ»,- նշեց Հայրապետյանը:
Արմեն Հայրապետյանն իր խոսքում ասաց, որ այս պահին ՀՀ-ի համար հասանելի են շուրջ 280 մլն դոլարի չափով միջոցներ, և ծրագրի երրորդ վերանայման արդյունքում ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա: