«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
««Այս պահի դրությամբ դեռևս որևէ վտանգ չկա, որ Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է օգտագործվել Իրանի կամ ԱՄՆ-ի դեմ որևէ գործողության իրականացման համար: Ավելի շատ նման վտանգի տակ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունը»: Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր էսկալացիային՝ այսօր մեր զրույցում նման կանխատեսում արեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Ինչպես հայտնի է՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Իրանական պետական հեռուստատեսությունը հայտնել է, թե հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 80 ԱՄՆ զինվորներ են զոհվել, ամերիկյան աղբյուրները հերքում են զոհերի մասին տեղեկությունները: Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին այն երկրների տարածքներում, որոնք, Միացյալ Նահանգների կողմից Իրանին ուղղված ագրեսիայի հարթակ կդառնան: ՀՀ վարչապետն այսօր կրկին հայտարարել է, թե Հայաստանը չի ներքաշվելու ոչ հակաիրանական, ոչ հակաամերիկյան գործողությունների մեջ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/01/09/1144548/