տուն Քաղաքական Վերլուծական ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը և նրա դեմ սկսված արշավը

ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը և նրա դեմ սկսված արշավը

446
0

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC-ի Hardtalk հաղորդման ձևաչափում լայն քննարկման առարկա է դարձել: Մնացականյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ հանդիպում են ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ: Քննադատությունը, հիմնականում, վերաբերվում է հարցազրույցի ոչ բովանդակային մասին՝ «ձեռքերի դիրքին», «դեմքի արտահայտությանը», «ընկճվածությանը» և այլն:

Ինչևէ, մինչ բուն թեմային անցնելն անհրաժեշտ է երկու խոսքով անդրադառնալ հաղորդման ձևաչափին: Հաղորդման անունն արդեն հուշում է, որ հյուրին բարդ խոսակցություն է սպասվում: Hardtalk-ին հնարավոր չէ նախապատրաստվել, քանի որ հարցերը հյուրին նախօրոք չեն տրամադրվում, ուստի նա չի կարող պատրաստվել դրանց: Իհարկե, հյուրը կարող է ենթադրել, թե ինչ հարցեր են տրվելու՝ ելնելով իր մասնագիտական գործունեությունից կամ զբաղեցրած դիրքից: Սակայն՝ թե ինչ ձևակերպմամբ են այդ հարցերը տրվելու, սադրանքի ինչ չափաբաժին են պարունակելու՝ հյուրը իմանալ չի կարող: Իսկ հաղորդավարներ Սթիվեն Սակուրը և Զեյնաբ Բադավին, հարկ է նշել, բավական արհեստավարժ են «անհարմար» հարցեր տալու տեսանկյունից: Ոչ վաղ անցյալում նույն հաղորդման շրջանակներում Բադավիի հարցերը փակուղի գցեցին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուին և ստիպեցին ձայնը բարձրացնել՝ ավելի համոզիչ լինելու համար: Հաղորդման նպատակներից մեկը հենց դա է՝ սադրիչ և «կեղտոտ» հարցերի միջոցով ստանալ լայն շրջանակների հուզող հարցերի պատասխանները:

Ինչ վերաբերվում է Մնացականյանի հարցազրույցին, ապա նա ոչ միայն իրեն հատուկ հավասարակշությամբ դուրս եկավ սադրիչ իրավիճակներից, այլ նաև կատարեց մի շարք կարևոր շեշտադրումներ: Նախևառաջ, դա արտաքին քաղաքականության մեջ ոչ թե ուժային կենտրոնների, այլ Հայաստանի շահերի համար աշխատելն է: Մյուսը համահայկականության սկզբունքն է, որի շրջանակներում պետք է դիտարկվի նաև վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը: Մեկ այլ կարևոր շեշտադրում վերաբերում է Արցախի խնդրի կարգավորմանը, որը «պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»: Մնացականյանը մի քանի անգամ ընդգծեց, որ Հայաստանը նույնպիսի ուղերձ է սպասում Ադրբեջանից, որում հաշվի կառնվեն նաև հայկական կողմի շահերը:

Սպասելի էր, որ Ադրբեջանի համար ոչ ականջահաճո ձևակերպումներից հետո Բաքուն լայնածավալ քարոզարշավ էր սկսելու Մնացականյանի հարցազրույցի թեմայով: Ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց ամբողջ թափով աշխատել, գործի դրվեցին գրեթե բոլոր լրատվականները, իրենց ձեռնասուն «փորձագետներով» հանդերձ: Հիմնական թեզերն իբր անպատասխան թողած հարցերի վերաբերյալ էին: Խոսքը, մասնավորապես, 1990-ականներին «հայկական բանակի հանցագործությունների» մասին է: Բնական է, որ ադրբեջանական քարոզչության թիրախը ներքին լսարանն է, սակայն ցավալի է, որ «հարցերն անպատասխան թողնելու» թեզը հայտնվեց նաև հայկական լրատվադաշտում ու սկսեց օգտագործվել ոչ բովանդակային քննադատության համար՝ գործնականում նպատակ հետապնդելով սպասարկել խմբակային նեղ շահեր:

Խոսքը, մասնավորապես, այն հարցերի մասին է, որոնց նախարարը «պետք է հակադարձեր՝ Ադրբեջանի վայրագությունները» թվարկելով: Նախ, Մնացականյանը հարկ եղած պահին հստակ ընդգծեց ադրբեջանական հայատյացության դրսևորումները: Ինչ վերաբերում է հարցին հակադարձելուն՝ դա կնշանակեր փախուստ թեմայից, որին Սակուրն անպայման վերադառնալու էր, և Մնացականյանը հայտնվելու էր անհարմար վիճակում: Ամեն դեպքում՝ նեղ խմբակային մանիպուլյացիաներից խուսափելու համար կարելի է դիտել հարցազրույցը և ինքնուրույն հետևություններ անել, թե որքանով էր արտգործնախարարն «ընկճված», և այդ որ հարցերից էր նա «խուսափում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here