Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ կոնկրետ փաստաթուղթ կողմերը չեն բանակցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ի պատասխան Ազատություն ռադիոկայանի հարցին այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին.

Ազատություն ռ/կ. Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել: Արդյո՞ք ինչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:
Աննա Նաղդալյան. Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների:
Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ: